ՏԿԵ նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին, քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային ու ճանապարհաշինական նախագծերի և ավիացիոն համագործակցության ընդլայնման հարցերը։Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նրան առաքելության ստանձնման կապակցությամբ։
Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցության լայն շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էներգետիկ, տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցերի։
Նախարարը կարևորել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շուտափույթ կառուցման, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև ավիացիոն համագործակցության խորացման, թռիչքների ավելացման անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել օրակարգային մի շարք այլ հարցերի քննարկումները։
