Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես ինքնիշխան պետություններ, իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևան և Բաքու ԱՄՆ փոխնախագահի այցերին, հայտարարել՝ Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես ինքնիշխան պետություններ, իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ։

Պեսկովն այսպես է պատասխանել հարցին՝ արդյոք Մոսկվան մտահոգվա՞ծ է հարավկովկասյան երկրների և Վաշինգտոնի միջև խորացող համագործակցությամբ։

«Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Իհարկե մտադիր ենք ավելի զարգացնել շփումները մեր գործընկերների հետ»,- հավելել է Պեսկովը։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի դերն էլ Հայաստանի տնտեսական արագ զարգացման գործում ակնհայտ է: Ըստ նրա՝ դժվար թե որևէ մեկը վիճարկի դա:

Կրեմլի խոսնակը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը աշխարհի ամենաառաջադեմ երկիրն է ատոմային էներգիայի ոլորտում, ավելի մեծ կարողություններ ունի և ավելի մրցունակ է:

«Հայաստանում կան խորհրդային և ռուսական նախագծման հին օբյեկտներ։ Այստեղ Ռուսաստանն ավելի մեծ փորձ ունի: Մենք ի վիճակի ենք ապահովել ավելի լավ որակ առաջիկա տարիներին՝ ավելի քիչ գումարով»,- շարունակել է ռուս պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է զարգացնել փոխշահավետ հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ, այդ թվում՝ ներդրումների և մշակույթի ոլորտներում։

You may also like...