ՀՀ վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել ու չի կարող կիսել. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի մասին հարցին ի պատասխան (տեսանյութ)
Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում, պայքարում ենք հանուն ՀՀ-ի, այդ պայքարը շարունակելու ենք, իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը իմ սոցիալական էջերն են և ուղիղ եթերները:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի վերջո ընդդիմադիր ուժերից ինքն ում դեմ է պայքարում:
Եկեղեցու դեմ իրականացրած արշավի հարցին ի պատասխան Փաշինյանը հավելեց, որ իրենք երբեք եկեղեցու դեմ արշավ չեն իրականացրել.
«Մենք երբեք եկեղեցու դեմ արշավ չենք արել, եկեղեցու դեմ արշավ է արել Կտրիճ Ներսիսյանը՝ իր հակաքրիստոնեական և հակաարժեքային խմբակի հետ»:
Անդրադառնալով իրեն բարեհաջող ամուսնալուծության կապակցությամբ շնորհավորելուն ու իր անձնական կյանքի մասին լրագրողի այն պնդմանը, որ այժմ ավելի երջանիկ կլինի, քանի-որ այլևս իշխանությունը երկուսի մեջ չի կիսելու, Փաշինյանը շեշտեց, որ կարծում է՝ դա սադրիչ ու տափակ պնդում է, ՀՀ վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել ու չի կարող կիսել:
