ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Թեհրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր
Վաշինգտոնը Թեհրանին ներկայացրել է հակամարտությունը դադարեցնելու` 15 կետից բաղկացած ծրագիր, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների։
«Այն արտացոլում է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ գտնելու հակամարտությունից դուրս գալու ելք», — նշվում է հոդվածում։
New York Times-ի տվյալով՝ այդ քայլը ձեռնարկվել է Իրանի վրա հարձակման տնտեսական հետևանքների դեմ պայքարի ֆոնին։
Ծրագիրը, ի թիվս այլ բաների, լուծում է անվտանգության հիմնական հարցերը, այդ թվում՝ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերի խնդիրը:
Առանձին կետ է ծովային անվտանգության վերականգնումը, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցում, որի շրջափակումը հանգեցրել է էներգամատակարարման խափանումների և նավթի ու գազի համաշխարհային գների կտրուկ աճի:
Ինչպես նշում է հրատարակությունը, Պակիստանն ապահովել է ամերիկյան պլանի տեքստի փոխանցումն իրանական կողմին՝ հանդես գալով որպես դիվանագիտական միջնորդ։
