Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Գոհար Ղումաշյանի ձերբակալությանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին ապրիլի 14-ին ձերբակալելուն՝ նշելով, որ Հայաստանում աշխատում են ինստիտուտներ, և հանցանքի պարագայում այդ ինստիտուտներն արձագանքում են ըստ օրենքի։

«Մեզ մոտ աշխատում են ինստիտուտներ, և, երբ մարդը հանցանք է գործում, այս դեպքին չեմ անդրադառնում, առհասարակ լինի երիտասարդ կին, լինի ծեր տղամարդ, լինի պաշտոնյա, համակարգն արձագանքում է և ըստ սահմանված օրենքների, տվյալ  դեպքում քրեական օրենսգիրքն է գործում։

Այն չի նայում, որ ընտրակաշառք տվողը ծեր մարդ է, մանկահասակ երեխա ունեցող մեկն է։ Կարծում եմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան միջնորդություններ ներկայացնելիս նաև, այն տրամաբանությունը որ գիտեմ, առաջնորդվել է հումանիստական նկատառումներով»,-ընդգծել է Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունն ու նրա նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն։

Գոհար Ղումաշյանը ձերբակալվել էր ապրիլի 14-ին՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։

You may also like...