Վերջին ամիսներին տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսափում է եւ չի մասնակցում բանակցություններին. Սարգիս Խանդանյան

Վաշինգտոնում մի քանի փուլով տեղի են ունեցել արտգործնախարարների, իսկ Բրյուսելում՝ երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ, որոնց ընթացքում համաձայնեցվել են սկզբունքային հարցերն ակնկալվելիք Խաղաղության համաձայնագրի շուրջ: Եվ շատ կարեւոր է, որ այս գործընթացը շարունակվի եւ բանակցությունները կրկին չվերադառնան զրոյական կետի: Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների, սակայն վերջին ամիսների ընթացքում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն է խուսափում բանակցություններից եւ չի մասնակցում դրանց: Մեր ակնկալիքն է գործընկերներից՝ կարողանալ Ադրբեջանին բերել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ դեկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր մոսկովյան հարթակում հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնելու առաջարկի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով Հայաստանի Հանրապետության համար առաջնային է սկզբունքների պահպանումն այն հարթակներում, որտեղ տեղի կունենան բանակցությունները. «Գոյություն ունեն գործընթացներ, որոնց շարունակականությունը չափազանց կարեւոր է, եւ մենք այս տրամաբանությամբ շարժվելու ենք առաջ»:

Անդրադառնալով մինչեւ տարեվերջ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությանը՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Հայաստանը պատրաստ է, եթե այն բոլոր սկզբունքային հարցերը, որոնք Հայաստանը բարձրացնում է եւ որոնց շուրջ եղել է համաձայնություն, վերահաստատվեն եւ տեղ գտնեն համաձայնագրում»:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված հայ ռազմագերիների վերադարձի ուշացումը՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է. «Տրամաբանությունն այն է, որ շատ մոտ ժամանակահատվածում պետք է տեղի ունենա գործընթացը: Որեւէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ պարտավորությունից»:

You may also like...