Մենք չենք կարող ընդունելի համարել, որ որևէ երկրի քաղաքացի մեր սահմանն անցնի առանց սահմանային վարչարարության. ԱԳ նախարար

Որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել ո´չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով, ո´չ էլ՝ հաջորդ հայտարարությամբ, օրինակ՝ հունվարի 11-ով, որում շատ ավելի մանրամասն և ըստ էության բացվում էր նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, ո´չ էլ հետագայում որևէ հայտարարությամբ: Այդ մասին 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Կրկին ու կրկին մեր մոտեցումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգիռ է հասնել տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Ընդ որում, մեզ համար հարցը միայն նեղ, իսկ երբեմն հենց այդ կենտեքստում են օգտագործում գործընկերները, ոչ միայն նեղ բուն Ադրբեջան-Նախիջևան կապի մասին է, այլ ընդհանրապես տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման: Ենթակառուցվածքներ, որոնցից Հայաստանն էլ պիտի օգտվի, ենթադրում եմ և բուն Ադրբեջանի, ասենք օրինակ՝ երկաթուղակին ենթակառուցվածքներ, և նախիջևանյան հատվածի: Այսինքն՝ շատ սահմանափակ չի կարելի այս հարցը դիտարկել:

Հիմա վերադառնանք նրան, թե ինչ են պնդում և ինչ են կարծում, որ մենք ստաձնել ենք կամ պարտավորվել ենք, կամ ինչ են ուզում: Մենք մի շարք դեպքերում, այդ թվում և՝ արտաքին գործերի նախարարների միջև, այդ թվում և, օրինակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի միջև ոչ պաշտոնական շփումներում և ընդհանրապես, բազմաթիվ դրվագներով ըստ էության կարող ենք ասել, հանգել ենք համաձայնության, որ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն՝ ամբողջական հարգանքով երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ, ինչպես նաև համաձայն հավասարության, փոխադարձության սկզբունքների: Մենք շարունակում ենք պահել մեր այս դիքորոշումը: Ինչ է ասում, ըստ էության, ադրբեջանական կողմը: Ասում են՝ այո, և այն, ինչ-որ մենք ակնկալում ենք, այդ սկզբունքները չեն խախտում: Ես գոնե այդպես կարող եմ եզրակացնել: Մասնավորապես, ինչպես Ադրբեջանի նախագահն ասաց վերջին հարցազրույցում, իրենք պահանջում են, որ ադրբեջանական բեռները և ուղևորները կարողանան հատել, անցնել Հայաստանի Հանրապետության տարածքով, հատել Հայաստանի սահմանը և օրինակ՝ Ադրբեջանից հասնեն Նախիջևան և հակառակ ուղղությամբ՝ առանց որևէ մաքսային վարչարարության, սա՝ մեկ: Երկրորդը՝ սահմանի հատման հետ կապված՝ առանց որևէ անձնագրային վերահսկողության, և երրորդը՝ այդ սահմանը, այս ճանապարհը, այս ենթակառուցվածքը պետք է լինի ռուս սահմանապահների վերահսկողության ներքո, զինված վերահսկողության ներքո: Ըստ էության, կարող եմ ասել, որ երեք պահանջն էլ Հայաստանի Հանրապետութան ինքնիշխանության խախտում է ենթադրում: Մենք չենք կարող ընդունելի համարել, որ որևէ մեկը, որևէ երկրի որևէ քաղաքացի մեր սահմանն անցնի առանց սահմանային հատման հետ կապված վարչարարության: Իհարկե, մենք պատրաստ ենք ընթացակարգերի պարզեցման: Գիտեք, ժամանակակից աշխարհը և մասնավորապես թվային տեխնոլոգիաները բավականին նորարարական և արդյունավետ լուծումներ կարող են տալ, և մեզ համար որոշ լուծումներ կարող են քննարկելի և ընդունելի լինել: Բայց գաղափարապես, որ որևէ մեկը հատի Հայաստանի սահմանը, անցնի Հայաստանի տարածքով և մյուս կողմից Հայաստանի սահմանից դուրս գա, և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններն այդ մասին ինչպես հարկն է, պատշաճ կարգով չտեղեկանան, այսպիսի իրավիճակը մեզ համար անընդունելի է: Նույնը երկրորդ կոմպոնենտը՝ մաքսային վարչարարությունը, այսինքն, եթե առաջին դեպքում դա մարդկանց վերաբերյալ էր, ապա այս երկրորդն՝ առավելապես բեռների: Մենք պատրաստ ենք քննարկել, թե այս կամ այն վերաբերելի վճարը ինչպես պետք է արվի կամ այդ վճարի չափը ինչքան պետք է լինի, կարող են լինել որոշ փոխադարձ կառուցողական, փոխզիջումային լուծումներ, բայց առհասարակ գաղափարապես, որ որևէ մի բեռ կամ բեռների խումբ հատեն Հայաստանի սահմանը, անցնեն Հայաստանի տարածքով և մյուս կողմից Հայաստանի սահմանից դուրս գան առանց մաքսային վարչարարության, սա չի կարող լինել: Սա հենց միջանցքային այն տրամաբանությունն է, որը մենք մշտապես ասել ենք, որ մեզ համար ընդունելի չէ: Եվ երրորդ կոմպոնենտը՝ անվտանգային կոմպոնենտը: Նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որը, ինչպես արդեն ասացինք, առանձնապես չի գործում, չկա որևէ կետ, որևէ սահմանում, որևէ պնդում այն մասին, որ այս ենթակառուցվածքի անվտանգությունը պետք է ապահովեն որևէ այլ երրորդ կողմի ուժեր, մասնավորապես՝ ռուսական սահմանապահների կողմից: Ճիշտ հակառակը՝ բավականին պարզ կերպով և ուղիղ կերպով նշվում է, որ անվտանգությունը ենթակառուցվածքների պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունը: Մենք այօր էլ պատրաստ ենք մեր տարածքում և այդ հատվածում, և որևէ այլ տարածքում գործող, կառուցվելիք որևէ ենթակառուցվածքի անվտանգությունը երաշխավորել։ Եվ անկնկալում ենք, որ այն երկրներով, որոնցով այս փոխհամաձայնության արդյունքում, եթե այն ձեռք բերվի, մեր ապրանքները և մարդիկ` քաղաքացիները, պետք է անցնեն, այդ երկրները պետք է ապահովեն, երաշխավորեն այդ բեռների և այդ քաղաքացիների անվտանգությունը։

Ուզում եմ մի անգամ էլ ընդգծել. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և կարող է ապահովել իր տարածքով անցնող մարդկանց և բեռների անվտանգությունը։

You may also like...