Մենք պետք է ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն. վարչապետ
Այսօր ունեցած ազգային անվտանգության ռազմավարությունը չի հասցեագրում այն հարցերը, որոնք կան: Այդ մասին Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե գործող անվտանգության մեր ռազմավարությունը որքանով է պիտանի։
«Իմիջիայլոց՝ ես Ձեզ ասեմ, հիշում եմ ազգային անվտանգության ռազմավարության քննարկումները և իմ զգացողություններն այդ ռազմավարությունն ընդունելու ժամանակ: Այս, ինչ խոսեցինք, այն ժամանակ այս զգացողությունը, այս լարումը եռում էր մեր մտքերում, մեր գիտակցության մեջ: Բայց ակնհայտ է, որ մենք պետք է ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն և ազգային անվտանգության մեր նոր ռազմավարությունը պետք է արտահայտի այդ իմ ասած բովանդակությունը, արտահայտի պետության լեգիտիմ տարածքային ամբողջականության շրջանակները և շահերը պաշտպանելու տրամաբանության մեջ: Օրինակ, ինքը, ճիշտ է, ուղիղ անվտանգային օրակարգում չի ընկալվում:
Այս վերջին շրջանում շատ ենք խոսում նաև պետության և պետական շահի մասին, հնչում է չէ՞ ու անընդհատ: Իմիջիայլոց, այս հակադրությունն էլ կա, որն ամենասուրն է արտահայտվում մեր լեզվամտածողության բերումով՝ ազգային շահ և պետական շահ, ազգ և ժողովուրդ: Գիտեք ի՞նչ, սա անընդհատ քննարկել ենք, ժողովրդի գիտակցության մեջ էլ դա արտահայտվել է, բայց մենք նաև մեր ժողովրդի արտահայտությունների նկատմամբ ուշադիր չենք: Օրինակ՝ ժամանակին, ես հիշում եմ, չգիտեմ հիմա մարդիկ դա օգտագործո՞ւմ են: 90-ականներին մարդիկ շատ էին օգտագործում, ասում էին՝ այս ազգն այս ժողովրդի ձեռքը կրակն է ընկել, կամ այս ժողովուրդն այս ազգի ձեռքը կրակն է ընկել: Ո՞նց են ստեղծվում այս խոսույթները: Հասկանո՞ւմ եք, ինքն իրականում այսօրվա քննարկման թեմայի հետ շատ կապ ունի: Բայց հետաքրքիր է՝ ով և ոնց է ստեղծել այս արտահայտությունը, որն ընկալվում է որպես անեկդոտ կամ զվարճալի շուտասելուկ, բայց ինքն իրականում շատ լուրջ հոգեբանական և քաղաքական շերտեր է բերում:
Եվ, այս վերջին շրջանում նաև դրա մասին մի քանի անգամ հրապարակային արտահայտվելու առիթ եմ ունեցել: Օրինակ, տեսեք ասում ենք՝ մենք պետք է առաջնորդվենք պետական շահով: Իսկ պետական շահը ո՞րն է: Իմ մեկնաբանությունը, որը նաև ես պրակտիկայում, այսինքն՝ վարչապետի տեսակետից, այս բոլոր աղետների միջով անցնելով, ես վստահ չեմ կամ չեմ հավակնի բացարձակ ճշմարտություն կրողի դերին, բայց առաջարկում եմ, որ մենք այս թեման քննարկենք. ես եկել եմ այն համոզման, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես՝ զարգացումը, որովհետև այն, ինչ մենք խոսում ենք՝ բանակ, կրթություն, սահմանների անվտանգություն, ինքը կոնկրետ բյուջետային ծախս է»,- նշել է նա:
«Տեսեք, համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգն ասում է, որ մեծ հաշվով կամավորության հիմունքներով ամբողջ հանրությունը պետք է ներդրում ունենա անվտանգության ապահովման գործում։ Բայց այն պայմաններում, երբ զորակոչի ենթակա տարիքային խմբի անձանց կեսից քիչն է զորակոչվում բանակ, այս պայմաններում մենք անկեղծ չենք, երբ ասում ենք, որ մենք այսպիսի ռազմավարություն կարող ենք իրագործել առանց այդ կեղծիքի խնդիրը լուծելու։ Դրա հետ 2020 թ.-ին էլ ենք բախվել։ Երբ այսպիսի հարմարավետ ստուդիաներում կամ սեղանների շուրջ նստած մենք պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մեր երկրի պաշտպանության, բայց երբ գալիս է պահը՝ պարզվում է, որ այնուամենայնիվ, չեմ ասում բացարձակ, մեր ասածի շատ քիչ հատվածն ենք պատրաստ։ Մեր Սահմանադրությունն ասում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պաշտպանության գործում իր ներդրումն ունենալ։ Դա Սահմանադրություն է, բայց հասկանո՞ւմ եք՝ տեղի չի ունեցել։
Պետք է խոսել մարդկանց հետ։ Կներեք հույս ունեմ անհամեստ չի հնչի, օրինակ, 2018 թվականին մենք ի՞նչպես ենք Հայաստանում հեղափոխություն արել՝ մարդկանց հետ խոսելով։ Ես մեր քաղաքական ժողովներում անընդհատ դա եմ ասում իմ կուսակից ընկերներին. պետք է ֆիքսենք 2018-ից հետո, 2020-ի պատերազմից առաջ, պատերազմից հետո հատկապես, ի՞նչ խնդիր էին ուզում լուծել մեր քաղաքական հակառակորդները։ Նրանք ուզում էին այնպես անել, որ մենք ժողովրդի հետ չկարողանանք խոսել, որովհետև ժողովրդի հետ խոսելը մեր միակ գործիքն է, մենք ուրիշ գործիք չունենք։
Հայաստանն այսօր ժողովրդավար երկիր է, այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ոչ մի բան չես կարող հարկադրել։ Ժողովրդի հետ հարաբերվելու, այսպես ասած ազդեցություն ունենալու մեր միակ գործիքը խոսելն է։ Պետք է խոսենք և ես դրա համար եմ նաև որոշում կայացրել, որ ամեն ինչի մասին պետք է խոսել ժողովրդի հետ։ Մենք ինչքան ասում ենք, որ մենք իրար հետ ենք խոսում, այստեղ ենք խոսում, բայց պարզ է, որ այս եթերը լսելու է նաև արտաքին աշխարհը։ Այնուամենայնիվ, սա մեր ներքին խոսակցությունն է, մենք պետք է չթողնենք, որ դրսից այս խոսակցությանը խառնվեն, որովհետև ուզենալու են խառնվել։
Ինչո՞ւ եմ ասում, եթե այս խոսակցությունը մեզ տանելու է դեպի մեր դիմակայունության մեծացման, պետք է ամեն ինչ անեն, որ այդ խոսակցությունը տեղի չունենա։ Մեր թույլ տեղերը գիտեն չէ՞, Ադրբեջանն ի՞նչ պետք է ասի, պետք է ասի հաղթեցի, չգիտեմ՝ երկաթե բռունցքն ու չգիտեմ ինչ արեցի, հիմա ես Հայաստանին պարտադրում եմ այս կամ այն, որ մեր ներսում հակադրություն առաջանա և մենք մնանք այդ փակուղու մեջ։ Ի՞նչ խնդիր է նա լուծելու, ինչպես մենք ունենք լեգիտիմության խնդիր, նույնպես էլ ինքն ունի իր պոտենցիալ ագրեսիան մեր նկատմամբ լեգիտիմացնելու խնդիր։ Եվ նրան պետք է, որպեսզի այդ լեգիտիմությունը լինի լիարժեք, իսկ ինքը եթե ունի ագրեսիվ նկատառումներ, իսկ այդպես է երևում, որ ագրեսիվ նկրտումներ ունի, այդ ագրեսիվ նկրտումներն իրագործելու համար պետք է, որ մենք հենց իրեն տանք այդ լեգիտիմությունը։
Դրա համար ինքն ամեն ինչ պետք է անի, որ այս դիսկուրսը Հայաստանում տեղի չունենա, Հայաստանում տեղի ունենա հակառակ դիսկուրսը, որ ժամանակ առ ժամանակ, որի անունը նրանք այնտեղ դրել են ռևանշիզմ, որ այ տեսեք՝ Հայաստանում կան ուժեր, նույնիսկ իշխանության ներսում և նույնիսկ տարբեր տեղերում, որոնք սպառնում են մեր անվտանգությանը, որպեսզի ինքն իր ագրեսիան արտաքին աշխարհի և ներքին լսարանի համար լեգիտիմացնի։ Իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ է ուզում, ոչ մի ժողովուրդ էլ պատերազմ չի ուզում, բայց եթե կան ագրեսիվ պլաններ, ի՞նչ պետք է անի, եթե կան այդպիսի պլաններ, պետք է կառավարությունը իր ժողովրդին համոզի, որ եթե այդ ագրեսիան մենք չանենք, ուրեմն մենք ենք դառնալու ագրեսիայի զոհ.,- ասել է վարչապետը։
Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտում արմատական ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտությանը ապա Փաշինյանն ասաց.
«Կարծում եմ, որ այդ օրակարգը կառավարությունն է ձևակերպել։ Այդպիսի բառեր այդպես հեշտ չէ ասել, եթե Ձեզ թվում է, թե հե՞շտ է Բանակի օրվա առիթով մեր զինվորականների և պետական կառավարման մարմինների ներկայությամբ ասել, հրապարակային հե՞շտ է այդպիսի բառեր ասել։ Գնալ կանգնել Բանակի օրվա առիթով բեմին և հրապարակային ասել՝ բանակը էժանագին կենացների օբյեկտ պետք է չլինի և այդպիսի մի ձևակերպում, եթե դա Ձեզ թվում է՝ հեշտ է ասել, դա դժվար է ասել։ Ինչպես ասում են, գնալ և տոնական օրը մթագնել այս կարգի շեշտադրումներով։ Գնալ ասել, որ մեր զինվորական հանրության բժշկական ներկայացուցիչները հակապետական դաշինք են ձևավորել և պետության քայքայման խնդիր են լուծում, գնալ դա ասելը մի մտածեք, թե հեշտ է, ամենատարբեր պատճառներով դա հեշտ չէ։ Այդ օրակարգը մենք ենք բերել, մենք ասում ենք՝ ժողովուրդ, կենաց խմելու փոխարեն եկեք արձանագրենք, որ մեր բանակում այն ստանդարտները, որ ունեցել ենք 1996 թ.-ին՝ այդ ստանդարտը գուցե թե նորմալ է եղել, բայց մենք 2000-ականներին շարունակել ենք մնալ 1996-ի ստանդարտի մեջ և դրանք հուսահատ կերպով հնացած են»,- ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված առայժմ Հայաստանի Զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայությունը, հաշվի առնելով, որ Կառավարության 2021-2026թթ. կատարողական լոկալ որոշման համաձայն, դեռևս 2022թ. հունվարին պետք է պատրաստ լիներ «Պաշտպանության մասին օրենք»-ի նոր նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «2022 թ.-ի հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022 թ.-ի ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ, և մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաև, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մենք պետք է հասկանանք ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ։ Այդ խնդիրը նախկինում հեշտ էր, որովհետև այդ հարցը չկար և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չկար։ Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում Հնդկաստանի հետ։
Դիվերսիֆիկացիան՝ դա վերնագիրն է։ Դիվերսիֆիկացիա մարդիկ ընկալեցին, երեք անգամ դա կլսեն, բայց չորրորդ անգամից կասեն՝ հասկացանք, մի հատ կոնկրետացրեք դիվերսիֆիկացիան ի՞նչ է նշանակում։ Օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե չենք ունենալու։ Վրաստանի հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Միացյալ Նահանգների հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Ռուսաստանի հետ մեր անվտանգային հարաբերությունները փոխվելո՞ւ են, թե՞ չեն փոխվելու, ո՞նց են փոխվելու։ Հիմա մենք մնո՞ւմ ենք ՀԱՊԿ-ի անդամ, թե չենք մնում ՀԱՊԿ-ի անդամ։ Մենք Ֆրանսիայի հետ ի՞նչ հարաբերություններ ենք կառուցում։
Այստեղ խնդիրը հետևյալն է, որ այդ հայեցակարգն ինքը որպես դեկլարացիա արդեն հռչակված է, և մենք պետք է ձևակերպենք այնպիսի հայեցակարգ, որի իրագործման շուրջ առնվազն ունենք պայմանավորվածություններ, և ես կարծում եմ, որ մենք այո, այս տարվա ընթացքում պետք է այդ հայեցակարգն ավարտենք։ Այստեղ կոնցեպտուալ մոտեցում կա, ինքը տեսական փաստաթուղթ է, որը պետք է ընդունենք և դրա իրագործման ձևերը հասկանանք, թե ինքն, այնուամենայնիվ, 50-50 համ տեսական, համ գործնական է, որի տեսությունը կա և որի պրակտիկայի պայմանավորվածությունները որոշակի փաստաթղթերով, պայմանագրերով արդեն ամրացված են։ Տեսեք, մենք ասել ենք՝ գնում ենք պրոֆեսիոնալ բանակի։ «Պաշտպան հայրենյացը» մեր էներգիան ապահովող ծրագիրն է, որը մի հոյակապ բարեփոխում է, բայց այս ամեն ինչով այդ հայեցակարգը պետք է ունենա քաղաքական կոնտեքստ։
Այսօր մենք այդ հայեցակարգի քաղաքական կոնտեքստի մասին խոսեցինք, այդ բանակն ի՞նչ խնդիր ունի լուծելու, այդ բանակը խնդիր ունի լուծելու պատմական արդարությունն ապահովելու կամ վերականգնելո՞ւ, թե այդ բանակը խնդիր ունի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու խնդիր և ոչինչ ավելի։ Եվ Ձեր արձագանքն էլ է շատ կարևոր, որովհետև կա նաև ուրիշ ճանապարհ, որ մենք ձևակերպենք՝ ինչ նկատի ունենք պատմական արդարություն ասելով։ Կարող է պատմական արդարություն ասելով նկատի ունենք հենց Հայաստանի ինքնիշխան տարածքը, պետությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և անկախությունը։ Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կա, զգույշ պետք է լինենք այն առումով, որ մենք կրկին ալեգորիաների լեզվով խոսելով պետք է ընտրենք՝ կարմիր շորը փոխո՞ւմ ենք, թե գնում ենք ցուլին բացատրենք, թե մենք ինչու ենք կարմիր շոր հագել։ Սա էլ է ընտրության հարց, և իմ ասելիքն այն է, որ մենք պետք է այս լրջության և այս մակարդակի, այս խորությամբ հարցերը դիտարկենք և քննարկենք»։
