Մենք բարձր ենք գնահատում Բուլղարիայի աջակցությունը՝ ուղղված ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իսկ քաղաքական երկխոսությունը շարունակվում է բարձր մակարդակով:

Մենք բարձր ենք գնահատում Բուլղարիայի կայուն աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը:

Համոզված եմ, որ առաջիկայում հետևողական ջանքերի շնորհիվ կնպաստենք մեր երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

You may also like...