Մհեր Գրիգորյանը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը, որը գտնվում է Հայաստանում պահուստային ծրագրի երրորդ վերանայման շրջանակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԱՄՀ պահուստային ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները, մասնավորապես՝ բարեփոխումները հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների և ֆինանսական ոլորտի ուղղություններով: Փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը և հատկապես ԱՄՀ աջակցությունը Հայաստանում լավագույն փորձի կիրառման տեսանկյունից: Ընդգծվել է կատարված բարեփոխումների արդյունքում տնտեսության ստվերի կրճատման և թափանցիկության բարձրացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշներն ու ֆինանսական ոլորտի կայունությունը:

You may also like...