Հնդկական օվկիանոսում եվ Պարսից ծոցում ռուս-իրանական եվ ԱՄՆ-ԱՄԷ համատեղ զորավարժություններ են ընթանում
Հնդկական օվկիանոսի մի շարք երկրների մասնակցությամբ IMEX 2024 համատեղ ռազմածովային զորավարժությունների հիմնական փուլը տեղի կունենա առաջիկա օրերին Իրանի ռազմածովային ուժերի հարավային նավատորմի հովանու ներքո։
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ զորավարժությունների նպատակն է ամրապնդել կայուն հավաքական անվտանգությունը և դրա հիմքերը տարածաշրջանում, ընդլայնել բազմակողմ համագործակցությունը մասնակից երկրների միջև և ցույց տալ այդ երկրների բարի կամքը և կարողությունը՝ համատեղ աջակցելու խաղաղությանը, բարեկամությանը և անվտանգությանը ծովում:
Զորավարժությունների այլ նպատակների թվում են՝ միջազգային ծովային առևտրի անվտանգության ամրապնդումը, միջազգային ջրերում ծովային հաղորդակցության գծերի պաշտպանությունը խաղաղության և բարեկամության հիման վրա, մարդասիրական գործողություններ, ծովային որոնողափրկարարական ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում։
Զուգահեռաբար, ԱՄՆ ռազմածովային նավատորմը, ծովային հետևակի կորպուսը և առափնյա պահպանության ուժերը միացել են Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերին՝ Պարսից ծոցում ծովային զորավարժություններին մասնակցելու համար։
Ըստ ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի հաղորդագրության՝ «Iron Defender» («Երկաթե պաշտպան») զորավարժությունը կավարտվի հոկտեմբերի 24-ին:
