Թութուն եվ տանիքի ծածկեր արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. խոստանում են շուրջ 18 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՋԼ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել թութունի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 49 աշխատատեղ 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 232.8 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ԳԵՊՈՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսվում է օգտագործել տանիքի ծածկերի, տանիքի համալրող մասերի, սենդվիչ պանելների և այլ արտադրատեսակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 5 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների, հումքի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 45 աշխատատեղ՝ 672 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 56-ի 1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 266․7 մլն դրամ։

You may also like...