«Բալասանյան» դաշինքը հանրապետության երկրորդ քաղաքը տանում է կառավարման ճգնաժամի․ Վարդեվան Հակոբյան
Չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակից սկսած Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքը իր՝ դեռևս չպարզաբանված քայլերով հանրապետության երկրորդ քաղաքը տանում է կառավարման ճգնաժամի, մինչ օրս որևէ պաշտոնական հայտարարություն չի արել ո՛չ հոկտեմբերի 11-ի նիստը տապալելու, ո՛չ առավել ևս՝ հոկտեմբերի 28-ին մանդատներից հրաժարվելու արձանագրությունները թիվ 31 ԸԸՀ ներկայացնելու և փաստացի քաղաքի կառավարումից հրաժարվելու վերաբերյալ:
Գյումրին չունի քաղաքապետ, մանդատը վայր դնողների թվում է առաջին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը, որը նաև ավագանու անդամ էր: Երկրորդ փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը տնային կալանքում է, «Բալասանյան» դաշինքի խոստացած պաշտոնական հայտարարությունը այդպես էլ չհրապարակվեց ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր տարբերակներով:
Փոխարենը «Բալասանյան» դաշինքի ցուցակից, սեփական դիմումների համաձայն, դուրս եկան տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, դաշինքի ցուցակում գտնվող ավագանու անդամի թեկնածուներ Հովսեփ Մարտիրոսյանը, Մենուա Մկրտչյանը, Հասմիկ Սամսոնյանը, Հովիկ Հակոբյանը: Այս պահին ևս մեկ թեկնածու է մնացել դաշինքի ցուցակում, որը ավագանու անդամ չէ և ինքնաբացարկի դիմում չի էլ ներկայացրել:
Նրանց փոխարեն քաղաքապետարանի շենքում նոյեմբերի 1-ին ասուլիս էր հրավիրել ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը:
Ներկայացնելով ստեղծված իրավիճակն ու խոսելով օրենքի կարգավորումների մասին, մասնավորապես՝ արտահերթ ընտրություններ և այլն, Հակոբյանը խնդրի լուծման իր տարբերակի մասին բարձրաձայնեց: Ասաց՝ դիմում է Քննչական կոմիտեին՝ տնային կալանքում գտնվող փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի խափանման միջոցը փոխելու համար:
Ըստ Հակոբյանի՝ Ջանոյանը կալանավորված է համայնքի շահի վերաբերյալ վարույթով և պետք է վերադառնա նույն համայնքի շահի համար, որովհետև այս պահին միակ պաշտոնյան է, որը ունի ղեկավարման իրավունք:
«Գյումրիում արդեն ճգնաժամ չէ, այլ ժամ առ ժամ գնում է կոլապսի, ճիշտ է, կոմունալն աշխատում է, տրանսպորտը կա, բայց կառավարումը չկա, չունենք փաստաթուղթ ստորագրող ու վերահսկելիություն: 2000 հոգուց ավել աշխատակից ունեցող կառույց է սա: Ելքը այն է, որ Ջանոյան Սուրենը վերադառնա իր աշխատանքին: Նա հանրային շահի համար է կալանավորված, ոչ թե խուլիգանության, հիմա իր աշխատանքի վերադառնալն էլ ավելի մեծ հանրային շահ է պահանջում, քան նախորդ հանրային շահը, որի համար կալանավորված է փոխքաղաքապետը: Քննիչն անհապաղ պետք է որոշում փոխի, տնային կալանքը փոխի, որ ունենաք փոխքաղաքապետ, ստորագրություն դնող կլինի, ինքը գործող փոխքաղաքապետ է, ուղղակի լիազորություններն են կասեցվել: Եթե քննիչն էսօր նման որոշում կայացնի, վաղը Ջանոյան Սուրենը աշխատասենյակի դուռը կբացի որպես փոխքաղաքապետ, և ստորագրությունները կգնան: Համայնքապետարանը կսկսի աշխատել, ճգնաժամ չենք ունենա:
Ես համոզված եմ, որ Ջանոյան Սուրենը ժամ առաջ կգա, կաշխատի, դա պատասխանատվություն է, ես նրա պաշտպանը չեմ, հետն էլ, որ ուզեի, չէի կարողանա խոսել»,- ասաց Հակոբյանը:
