Հայաստանի ծանր հրետանին՝ COP29-ի «թաքնված» սպառնալիքի ներքո
Ադրբեջանում մեկնարկելիք COP29-ին ընդառաջ՝ Հայաստանում շարունակվում են բուռն քննարկումներն ու դիտարկումները Հայաստանի հնարավոր մասնակցության, դրա նպատակահարմարության վերաբերյալ, քննարկվում են պայմանները, թե որ դեպքում կարող է Երևանը մասնակցելու որոշում կայացնել:
Պաշտոնական Երևանն առայժմ չի կայացրել այդպիսի որոշում, կամ գոնե չի հայտարարել դրա մասին:
Քննարկումները Հայաստանում ծավալվում են հարցի գերազանցապես քաղաքական, անվտանգային և մարդասիրական համատեքստում: Դա, իհարկե, լիովին հասկանալի է և տրամաբանական:
Այդուամենայնիվ, COP29-ին Հայաստանի որևէ ձևով մասնակցության հարցն ունի նաև մեկ այլ կարևորագույն ասպեկտ, որը ոչ միայն չպետք է լինի ուշադրությունից դուրս, այլև Հայաստանից տվյալ համատեքստում պահանջում է թե՛ իրավիճակային, թե՛ երկարաժամկետ դիմակայունության համատեքստով աչալրջություն և աշխատանք:
COP29-ն Ադրբեջանի համար Հայաստանի հանդեպ «տնտեսաբնապահպանական» գրոհի «խրամաբջիջ» է, հետևաբար՝ դրան մասնակցության հարցը դիտարկելիս, Հայաստանը պետք է նաև լրջորեն խորհի այն շինծու մեղադրանքներին հակադարձելու մասին, որ Ադրբեջանը տարբեր հիբրիդային ձևերով ուղղելու է Հայաստանի դեմ:
Դրանք հայտնի են՝ Ադրբեջանը, տևական ժամանակ է, ինչ Հայաստանին մեղադրում է իբրև թե ռեգիոնալ շրջակա միջավայրը վտանգելու համար: Մտացածին այդ մեղադրանքների բուն նպատակը Հայաստանի տնտեսական հզորությունները թիրախավորելն է:
Մասնավորապես, Ադրբեջանը, որ իր տարածքում վարում է հանքարդյունաբերությունն ու էներգետիկան տնտեսական և քաղաքական միջազգային կապիտալի վերածելու բավականին ագրեսիվ քաղաքականություն, նույնքան ագրեսիվ ձևով փորձում է շինծու մեղադրանքների միջոցով Հայաստանի տնտեսությունը զրկել արդյունաբերական և էներգետիկ առանց այդ էլ սակավ ներուժից:
Այդ մտացածին մեղադրանքների թիրախ է դառնում Հայաստանի հանքարդյունաբերությունն ու էներգետիկ անվտանգության առանցքային օբյեկտը՝ Հայաստանի ատոմակայանը:
Հայաստանին ներկայացվող ռազմա-քաղաքական պահանջներից բացի, Ադրբեջանը թիրախավորում է նաև դրանց դիմակայելու ներուժի արմատը՝ տնտեսությունը: Բաքուն փորձում է իր այդ գործողությունների շուրջ կառուցել «միջազգային կոալիցիա», դրա համար ձևավորելով տարբեր «բնապահպանական հիմնադրամներ»:
COP29-ը մեծ հավանականությամբ կարող է վերածվել այդօրինակ մեխանիզմների «ինքնաբուխ» դրսևորման հարթակի, երբ «հատուկ նշանակության» բնապահպանները՝ տեղական և միջազգային, կիրականացնեն Հայաստանին թիրախավորող զանազան ակցիաներ:
Ինչպե՞ս է Հայաստանը հակադարձելու այդ ամենին, քանի որ անկասկած է, որ առնվազն տեղում Ադրբեջանը փորձելու է քանակը հակադրել որակին: Իսկ հաշվարկը, իհարկե, միայն նոյեմբերի 11-22-ի համար չէ, երբ կայանալու է COP29-ը: Դա լինելու է միայն օղակ ավելի մեծ շղթայում, որ Հայաստանի տնտեսության «ծանր հրետանու» դեմ ձգտում է կառուցել Ադրբեջանը:
Իսկ խնդիրը, բնականաբար, միայն Հայաստանին մեղադրելը և դրանից բխող խնդիրներ ստեղծելը չէ, այլ նաև Հայաստանը՝ որպես ներդրումների համար անհուսալի և անբարենպաստ պետություն ներկայացնելը, արտաքին ներդրողների մոտ Հայաստանի անվստահելիության համոզում ձևավորելը:
Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն էլ իր տնտեսական շահերի և անվտանգության պաշտպանության համար պետք է կառուցի երկարաժամկետ գործողությունների շղթա, որը պետք է ոչ միայն ենթադրի լիարժեք պատրաստվածություն Բաքվում՝ հնարավոր մասնակցության դեպքում, թե լիարժեք քաղաքականություն ավելի երկարաժամկետ առումով, բազմաշերտ մակարդակում:
Ադրբեջանն առաջնորդվում է «կաթիլը քար է ծակում» տրամաբանությամբ, լավ պատկերացնելով, որ ռեգիոնի շրջակա միջավայրը վնասելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները բացարձակ մտացածին են, սակայն դրանց հետևողական և լայնաճակատ տարածումը կթողնի իր հետևանքը: Հաշվարկային ելակետերից, եթե ոչ՝ գլխավորը, ապա հիմնականներից մեկն այն է, որ Հայաստանը խնդրին չի տա բավարար կարևորություն և այն չի գնահատի համակողմանի ռազմավարական սպառնալիքի տրամաբանությամբ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ