Միջազգային հարթակներին ինտեգրումը կարեւոր ներդրում է լինելու հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման գործում. Արման Պողոսյան
Վերջին տարիներին էականորեն ակտիվանում է հայաստանյան հարկային եւ քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների համագործակցությունը միջազգային շրջանակում: Անդամակցում ենք հարկման բնագավառում մեծ հեղինակություն վայելող եւ կարողությունների զարգացմանը միտված աշխատանքներ իրականացնող հեղինակավոր կառույցների: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը սեպտեմբերի 7-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխնախարարը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ««Հարկման բազայի խեղաթյուրումը եւ շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հայաստանը կոնվենցիային միացել է 2017 թ.:
Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ ՀՀ-ն շուրջ 50 երկրի հետ ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր: Հարկային հարաբերությունները զարգանում են, եւ այդ փաստաթղթերը վերանայելու անհրաժեշտություն է առաջանում. Հայաստանը ներկայում այդ գործընթացի մեջ է:
Արման Պողոսյանի խոսքով՝ կոնվենցիան ավելի կատարելագործված փաստաթուղթ է, քան առանձին պետությունների միջեւ կնքված երկկողմ համաձայնագրերը՝ միտված կրկնակի հարկման բացառելուն եւ հարկումից խուսափելը կանխարգելելուն: Համաձայնագրի դրույթները կանոնակարգում են այն հնարավոր հակասությունները կամ հնացած կարգավորումները, որոնք առկա են կրկնակի հարկումը բացառող երկկողմ համաձայնագրերում: Հիմնական զեկուցողի դիտարկմամբ՝ փաստաթուղթը, որ ձեւավորվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ երկրների հարթակում, կիրարկելիության առումով բավականին արդյունավետ է: Համաձայնագրով ընդլայնվում են հարկային մարմնի կարողությունները՝ այլ երկրներում վարչարարություն իրականացնելու, այդ թվում՝ տեղեկությունների ստացման, թափանցիկության ապահովման եւ փոխադարձ վարչական օգնության գործիքներից օգտվելու առումով: «Միջազգային հարթակներին ինտեգրումը կարեւոր ներդրում է լինելու հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման գործում, հատկապես՝ վերազգային կորպորացիաների հետ շփումներում»,- ասել է Արման Պողոսյանը:
Նախագիծն արժանացել է դրական եզրակացության:
