Պաշտոնից ազատվածները բոլորն էլ մեր ընկերներն են, մի’ անձնավորեք, սա քաղաքական պրոցես է. Փամբուխչյան
Բոլոր պաշտոններն էլ ենթակա են նրան, որ մի օր մարդն այդ պաշտոնում չլինի, լինի հրաժարական կամ աշխատանքից ազատում:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:
«Կարծում եմ, որ ստանդարտ քաղաքական պրոցես է և պետք չէ ոչ անձնավորել: Բոլոր ազատված գործընկերների հետ նաև մտերմիկ հարաբերությունների մեջ ենք, մեր ընկերներն են, իրենց հետ ճանապարհ ենք անցել: Այնպես, որ ավելի բան այս մասով չեմ ասում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ մեկ գիշերում SMS-ի մ իջոցով Նիկոլ Փաշինյանը առանց հիմնավորման հորդորել է ազատման դիմում գրե, փոխքաղաքապետն ասաց. «Ես չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, բայց կան ինստիտուտներ, որոնք միջոցով իրականացվում է աշխատանքից ազատումը»:
Ինչ վերաբերում է նրան, որ այդպես էլ հանրությանը որեւէ պարզաբանում չի տրվում, թե ինչու մարդկանց հեռացրին պաշտոններից եւ ինչի համար են նշանակում նորերին, Արմեն Փամբուխչյանն ասաց. «Պետք է նայել ընդհանուրի մեջ, ոչ թե անհատապես, թե ով ինչ նախարար է աշխատում կամ ով ինչ հաստիք է զբաղեցնում: Ընդհանուր տրամաբանության մեջ վարչապետը ելույթ է ունեցել նախորդ կառավարության նիստին և, ըստ էության, իրականացրել է այդ ելույթում նշած իր վճռական որոշումը»:
Լրագրողները նկատեցին, որ ըստ վարչապետի ուժայինների մասով դժգոհություն կար, սակայն ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ ԱԱԾ տնօրենն ու գլխավոր դատախազը չեն ազատվել, իսկ մյուսներն ազատվել են: Փամբուխչյանն էլ արձագանքեց. «Դե հիմա կարող եք նշել, բա ինչու՞ բոլոր ամբողջ կառավարությունը չի ազատվում»:
Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը չի ազատվում, որովհետև ինքը ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է և իրեն կարող է ազատել պաշտոնից միայն Հայաստանի Հանրապետությունը ժողովուրդը։
