Սա քաղաքական պատասխանատվության հարց է. որեվէ պատգամավորի նկատմամբ ճնշում չկա. Վլադիմիր Վարդանյան

Մենք մշտապես պետք է առաջնորդվենք հետևյալ կարևոր կանոնով, որ քաղաքական թեմում կա քաղաքական պատասխանատվության էլեմենտ, և քաղաքական պատասխանատվությունը պետք է տարբերել իրավական պատասխանատվությունից:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ վարչապետը խնդրում է պատգամավորին մանդատից հրաժարվելու դիմում գրել, այդտեղ հակասահմանադրական ոչինչ չկա՞:

«Մենք այդ տեսանկյունից ներթիմային հարցերում՝ առաջադրումներ, նշանակումներ, պաշտոնից տեղափոխումներ պետք է որոշակի կանոններ գործեն, որոնք քաղաքական են»,-ասաց նա:

Հարցին՝ եթե ձեր մասնակցությամբ ինչ-որ միջադեպ լինի և ձեզ էլ վարչապետը նման խնդրանքով դիմի, դուք ընդառաջ կգնա՞ք, Վարդանյանը պատասխանեց. «Իմ մոտեցումը շատ ավելի հստակ է, ցանկացած քաղաքական գործիչ պետք է ունենա քաղաքական պատասխանատվություն իր քաղաքական վարքագծի հետ կապված»:

Նա համոզմունք հայտնեց, որ որեւէ պատգամավորի նկատմամբ ճնշում չկա. «Ես չեմ կարող և չեմ էլ ուզում և իրավունք էլ չունեմ որևիցե եղանակով, որևիցե ձև անդրադառնալ այս կամ այն իմ գործընկերոջ վարքագծին։ Դա յուրաքանչյուրի որոշում է։
Ես երեկ էլ «Հ1»-ում տված հարցազրույցի ժամանակ խոսել եմ քաղաքական պատասխանատվության թյուրըմբռնման մասին, երբ որ քաղաքական պատասխանատվությունը փորձում են կապել ինչ-որ միջադեպերի հետ։

Քաղաքական պատասխանատվությունը քաղաքական վարքագծի հետևանքով առաջացրած որոշակի հետևանքներն են, որոնք անձինք, այդ թվում ես, պարտավոր ենք կրել։ Որևիցե մեկը ձեզ ասե՞լ է, որ կան ճնշումներ պատգամավորների նկատմամբ, կարծես թե ոչ»:

You may also like...