Քաղաքացիություն ստանալու եվ դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ. ԱԺ-ն ընդունել է փաթեթը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ:
Հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը՝ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորություն: Այդ պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառելու է դիմումատուի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, ինչից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանալու հերթագրվել, փաստաթղթերն անձամբ ներկայացնել լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:
Հնարավորություն է ընձեռվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով:
Ակնկալվում է, որ էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաև վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման և դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին, հարցումները ստանալու և դրանց պատասխանելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ինքնաշխատ կերպով:
Նախատեսվում է նաև էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով` կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն:
«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը՝ սահմանելով 50 000 և 150 000 դրամ՝ համապատասխանաբար 1000 և 25 000 դրամի փոխարեն:
Արմեն Ղազարյանի խոսքով՝ գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում չեն վերանայվել:
Նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից կազատվեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձինք:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
