Զինված ուժերի բարեփոխումների ուղենիշները

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սահմանադրական առաքելությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Պաշտպանության բնագավառում Կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը։ Ընդ որում, բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է, որ պաշտպանության համակարգի բոլոր կառույցները և բաղադրիչները, ներառյալ Զինված ուժերը, պետք է համակարգված և ներդաշնակ աշխատեն և մնան քաղաքական չեզոքության սահմանադրական պահանջի շրջանակում։

Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է՝ հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները։ Հաշվի են առնվում նաև ռազմական գործողությունների բնույթի, օպերատիվ մարտավարական արվեստի և մարտավարության փոփոխություններն աշխարհում։ Սրանով պայմանավորված՝ Կառավարությունը վերանայելու է մարտական գործողությունները պլանավորելու և վարելու ձևերը, ինչպես նաև Զինված ուժերի կառավարման համակարգը։

Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։ Այս համատեքստում Կառավարությունը կարևորում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և գործուն քայլեր է ձեռնարկելու համապարփակ ու մանրամասն քննություն իրականացնելու ուղղությամբ։

Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը։

Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ՝ իր սպառազինությամբ, կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառո լցվածքով և պատերազմավարման եղանակներով։ Զինված ուժերի տեխնոլոգիական արդիականացմանը և արհեստական բանականությամբ օժտված համակարգերի կիրառմանը, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ՝ լուծվելու են նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները։

Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է և՛ կառուցվածքային, և՛ բովանդակային փոփոխություններից։ Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, ժամկետային և զորահավաքային զին ծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի։ Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը շարունակաբար կաճի։

  • Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զին ծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական, և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները։
  • Կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը։ Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունների ու պարտականությունների։ Վերանայվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը։ Զինված ուժերի կառավարման և ղեկավարման արդյունավետության բարձրացման և որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ և առաջանցիկ որոշումների կայացումը։ Այդ նպատակով Զինված ուժերի կառավարման և զորային օղակներում իրականացվելու են կազմակերպչական և հաստիքային փոփոխություններ։ Առաջադրված խնդիրների լուծման նպատակով կազմավորվելու են մեծ շարժունակությամբ և կրակային հզորությամբ, երկար ժամանակ ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ զորամիավորումներ ու ստորաբաժանումներ։
  • Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով Կառավարությունը նպատակ է հետապնդում հասնելու արդյունավետության բարձրացման, մասնավորապես ձևավորվելու են մեծ շարժունակությամբ օժտված մարտական կազմավորումներ։
  • Կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները։ Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում։ Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Ռաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը։

Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը։ Ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը։

Ռազմական կրթության և գիտության զարգացումը լինելու է Կառավարության գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Վերանայվելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում օպերատիվ, մարտական և զորահավաքային պատրաստության գործընթացները, որոնք համապատասխանեցվելու են Զինված ուժերին առաջադրված խնդիրներին և դրանց իրականացման պահանջներին։ Ռազմական գործողությունների բնույթի կերպափոխման, տեխնիկական ու տեխնոլոգիական առաջընթացի, տեղեկատվական ու հոգեբանական ազդեցությունների ավելացման պայմաններում ռազմական կրթությունը լինելու է ապագայամետ՝ նախապատրաստելով հնարավոր պատերազմներին պատրաստ արհեստավարժ զինվորականներ։ Կառավարությունը հետամուտ է լինելու նաև ռազմական գիտության զարգացմանը, որի շրջանակներում վերանայվելու են պատերազմավարման հիմնադրույթները, մարտական գործողությունները պլանավորելու և վարելու ձևերը։

Բարեփոխվելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտը։ Տեղեկատվական սպառնալիքների և մարտահրավերների մշտադիտարկման, վերլուծության, տեղեկատվական հակազդման և պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով կատարելագործվելու է օրենսդրական դաշտը։

Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված Զինված ուժերի բա րոյա հոգեբան ական պատրաստության մակարդակի բարձրացմանը։ Այդ ծրագրերի նպատակն է լինելու զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, ամրապնդել հոգեբանական կայունությունը և ակտիվ մարտական գործողություններ վարելու պատրաստվածությունը, կատարելագործել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ինչպես նաև բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը։

Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու։

  • Կառավարությունը կատարելագործելու է ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ, խթանելու է Զինված ուժերի կարգապահությունը, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և առավելագույն ջանքեր է գործադրելու ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը բացառելու ուղղությամբ։
  • Կառավարությունը բարձրացնելու է ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակաոուցվածքների անվտանգության մակարդակը։

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի։

* ՀՀ կառավարության ծրագիր (2021-2026 թթ.), էջ 15-19

You may also like...