«Գումի» շուկայում ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը հրաժարվել են փաստաբանից

Երևանի «Գումի» շուկայում աշխատող, ուրբաթ օրը ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը հրաժարվել են փաստաբանի ծառայություններից։ Այս մասին  հայտնել է փաստաբան Վարդուհի Սարգսյանը:

Նշենք, որ նրանք դեռ շարունակում են մնալ անազատության մեջ, նրանց ձերբակալության 72 ժամը լրանում է վաղը առավոտյան:

 Ոստիկանությունից էլ հայտնել են, որ գործը փոխանցել են քննչական կոմիտե:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»–ի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:

Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ:

Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն:

Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ:

Ոստիկանները բերման ենթարկեցին 7 հոգու եւ ինքնահրկիզման փորձ կատարողին՝ խուլիգանության կասկածանքով:

Ավելի ուշ ՍԱՏՄ-ից հայտարարություն տարածեցին, որ այրել են մոտ մեկ տոննա առգրավված միսը:

You may also like...