Պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունեցանք. Կարեն Գիլոյան
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի գլխավորությամբ Բահրեյնից վերադարձել է Երևան:
Այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
«Այս առաջնությանը թիմը կատարյալ պատրաստ չէր, ու դա էին վկայում զրոներն ու վնասվածքները:
Հետո ընթացքն էլ ցույց տվեց, որ մրցակցությունը շատ ուժեղ է լինելու, հատկապես Իրաքի երիտասարդ ներկայացուցչի երիտասարդական ռեկորդների տեղատարափը սկսեց մտավախություն առաջացնել, և հետո ԻԻՀ երկու հզոր տղաների մասնակցությունը»,- նշեց Գիլոյանը:
Վերջինս անդրադարձավ նաև մի շարք մասնագիտական մանրամասների՝ նշելով.
«Վարազդատը երկրորդ մոտեցման ժամանակ մի քիչ թպրտացրեց սրտերս, զարկերակի բաբախումն արագացավ, բայց հաջորդ մոտեցմամբ ապացուցեց, որ այսօր ուժեղագույնն է աշխարհում:
Պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք ծանրամարտի: Շնորհավորում եմ բոլորիս. լավ եզրափակում էր տարվա»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում կայացած աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:
