Ինչու՞ մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդը 105 տարեկան բուհ չունի. Փաշինյան (տեսանյութ)

«Ինչու՞ է 1934 թվականին ստեղծվել Շիրակի պետական համալսարանը. այստեղ կա մի շատ կոնկրետ և մի փիլիսոփայական հարց»։ Այս մասին  այսօր՝ դեկտեմբերի 18-ին Գյումրիում Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանն իր ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Սկսեմ կոնկրետությունից. ինչու՞ է 1934 թվականին Գյումրիում ստեղծվել այն բուհը, որը հետո դարձել է Շիրակի պետական համալսարան։ Որովհետև այդպես պահանջել և պարտադրել է տնտեսությունը։

Մենք պետք է շատ կարևոր մի արձանագրում անենք, որ եթե բուհական համակարգը փոխկապակցված չէ տնտեսության հետ, տրամաբանությունից դուրս է գալիս։ Այս առումով, կարևոր է արձանագրել՝ այն կրթական համակարգը, որը մենք ունենք, ո՞ր ստանդարտի և ո՞ր ժամանակի մեջ է գործում։

1934 թվականին առաջիկա ռազմավարական կարիքներն ապահովելու համար ստեղծվել է բուհական համակարգ , որը գործունակ է եղել 1947, 1957, 1974 թվականների համար։ Բայց խնդիրը նրա մեջ է, թե ինչքանով ենք մենք կարողանում ժամանակի պահանջներին համապատասխան վերափոխվել։

Արդյոք այդ նույն ստանդարտները արդյունավետությամբ գործել է 1974, 2004, 2014 և 2024 թվականներին»,–ասել է Փաշինյանը՝ նշելով, որ դրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է գտնել։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաջորդ կարևոր հարցն այն է՝ ինչո՞ւ մի քանի հազար տարվա պատմություն ունեցող պետությունը չունի գոնե մի քանի հարյուր տարեկան բուհ։

You may also like...