Հայաստանի տնտեսության զարգացման ուղենիշները

2020 թվականի ճգնաժամերի՝ կորոնավիրոաի համավարակի, դրա հետևանքով համաշխարհային տնտեսական ճգնաժամի և Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները ծանր հարված են հասցրել Հայաստանի տնտեսությանը՝ ընդհատելով տնտեսական աճի բարձր տեմպը. 2020 թվականն ավարտվեց 7.4% տնտեսական անկմամբ։

Չնայած առկա մարտահրավերներին՝ 2021 թվականի առաջին 6 ամիսները տնտեսական առումով բավական հուսադրող են։ Մասնավորապես արդեն հունվար–հունիս ժամանակահատվածում գրանցվել է տնտեսական ակտիվության 5,0% աճ, իսկ հունիսին՝ 8,0%։ Աճել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, արտահանումն ընդլայնվել է 23,3%-ով։ Հարկ է նշել, որ տնտեսության վերականգնումն ունի ներառական բնույթ։ Էականորեն ավելացել են աշխատատեղերը և միջին աշխատավարձի չափը։ Մասնավորապես, եթե 2018 թվականի 1-ին կիսամյակում եկամուտ ապահոված աշխատատեղերի միջին ամսական թիվը շուրջ 538 հազար էր, ապա 2021 թվականի 1-ին կիսամյակում այդ ցուցանիշն ավելացել է շուրջ 83,000–ով կամ 15%-ով՝ հասնելով 621,000-ի։ Էականորեն ավելացել է մեկ աշխատատեղին բաժին ընկնող միջին եկամտի չափը, մասնավորապես, եթե 2018 թվականի 1-ին կիսամյակում այն կազմում էր շուրջ 174 հազար դրամ, ապա 2021 թվականի 1-ին կիսամյակում այդ ցուցանիշն ավելացել է շուրջ 36 հազար դրամով կամ ավելի քան 21%-ով՝ հասնելով 210 հազար դրամի։ Ընդ որում, 2021 թվականի հունիսին եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմել է շուրջ 643 հազար, որն աննախադեպ է, և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։

Տնտեսության վերականգնման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2021 թվականի առաջին 6 ամիսներին հավաքվել են շուրջ 31%-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում, իսկ հարկ վճարողներին վերադարձված գումարները, որոնք ներառված չեն վերը նշված հավաքված եկամուտներում, աճել են շուրջ 71 %-ով, ընդ որում, այս ցուցանիշը լավագույնն է անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում։ Պատկերը գրեթե նույնն է 7 ամսվա կտրվածքով, մասնավորապես 2021 թվականի առաջին 7 ամիսներին հավաքվել են շուրջ 29%-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում, իսկ հարկ վճարողներին վերադարձված գումարները, որոնք ներառված չեն վերը նշված հավաքված եկամուտներում, աճել են շուրջ 75.5 %-ով։

Հայաստանի Հանրապետության տնտեսության առանձնահատկություններով պայմանավորված՝ աղքատության կրճատման և բարեկեցության աճի ավելացման հիմնական շարժիչ ուժն է բարձր (ՀՆԱ-ի 7% և ավելի) տնտեսական աճը։ 2026 թվականին աղքատությունը կրկնակի կրճատելու և գործազրկության մակարդակը 10%-ից նվազեցնելու համար Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է տարեկան ՀՆԱ-ի 7%-ից ավելի աճ։ Աճի այս ցուցանիշի ապահովման շնորհիվ էականորեն կբարձրանա մարդկանց կյանքի որակը, կաճեն եկամուտները, կավելանան աշխատատեղերը, կկրճատվի աղքատության մակարդակը։

Ներքին փոքր շուկայով պայմանավորված՝ տնտեսական աճի և, ըստ այդմ, հնարավորությունների ընդլայնումը պայմանավորված է լինելու միջազգային մրցունակության աճով։ Տնտեսական վերականգնման արդեն իսկ գրանցված միտումը հուշում է, որ, չնայած կարճաժամկետ անկմանը, Հայաստանի Հանրապետության միջազգային մրցունակության կառուցվածքային հենասյուները շարունակում են մնալ անփոփոխ և հանդիսանալու են տնտեսական
քաղաքականության առանցքը։ Այսպես, 2020 թվականի ճգնաժամերի հետևանքով ի ցույց դրված մարտահրավերները ևս մեկ անգամ ընդգծեցին այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստեղծարար միտքը շարունակում է լինել երկրի առանցքային մրցակցային առավելությունը։ Ուստի միջազգային մրցունակության ավելացման ուղին է լինելու արտահանմանը միտված, գիտելիքահենք և ներառական տնտեսության ձևավորումը։

Տնտեսական աճի ներառականությունն ապահովվելու է յուրաքանչյուր անձի ներուժի զարգացման, ինչպես նաև տնտեսական հնարավորությունների և ղրանց հասանելիության ընդլայնման միջոցով։

Կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներն են՝

  • տնտեսական հնարավորությունների ընդլայնումը և դրանց հավասար հասանելիության ապահովումը,
  • մարդու ստեղծարար հմտությունների զարգացման և իրացման միջոցով միջին խավի բարեկեցության աճն ու աղքատության կրճատումը,
  • արտահանումը խթանող պայմանների ապահովումն ու միջավայրի ձևավորումը։

Մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական թիրախներն են՝

  • ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%),
  • ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը՝ ՀՆԱ-ի 25%,
  • գործազրկության մակարդակը՝ 10%-ից ցածր։

Մրցունակության երկարաժամկետ աճի և պահպանման նպատակով, բացի ներդրումների և զբաղվածության ընդլայնումից, անհրաժեշտ է լինելու զգալիորեն բարձրացնել կապիտալի և աշխատանքի արտադրողականությունը՝ ընդլայնելով քաղաքացիներին հասանելի տնտեսական հնարավորությունների դաշտը։ Կառավարությունը թիրախավորելու է համախառն գործոնային արտադրողականության տարեկան առնվազն 5% աճ։ Վերջինիս իրագործման հիմնական ուղին գիտելիքահենք, նորարարական տնտեսության ձևավորումն է։

Միջազգային մրցունակության աճն ապահովելու նպատակով Կառավարությունը որդեգրում է գիտելիքահենք և նորարարական տնտեսություն ձևավորելու տեսլականը և գիտելիքն ու նորարարությունը հռչակում տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժ։ Կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնվում է գիտելիքի ներմուծման, ստեղծման, արտահանման և դրա արդյունավետ կիրառման վրա։

Տնտեսական աճի ներառականության առանցք են լինելու բնակչության շարժունակության և տեղեկացվածության բարձր մակարդակի ապահովումը, ստեղծարար կարողությունների զարգացումն ու իրացումը՝ կրթության, առողջապահության և տնտեսական ենթակառուցվածքների հնարավորինս հավասար հասանելիության միջոցով։ Ավելին, մրցունակության աճը և ներառականությունն ապահովող կարևոր գործոններից են քաղաքացիների լայն ներգրավվածության ապահովումը և բարձր որակավորում ունեցող մարդկային ռեսուրսի առկայությունը տնտեսության բոլոր ճյուղերում։ Առանց տնտեսապես ակտիվ քաղաքացիների տեսակարար կշռի զգալի աճի հնարավոր չէ տնտեսական աճի ապահովումը, որը ենթադրում է նաև տնտեսական կյանքում կանանց և երիտասարդների մասնակցության դերի զգալի աճ։

Այս իմաստով արձանագրվում է նաև, որ բարեփոխումների առաջնահերթ ուղղություններ են համարվելու նաև՝

  • հողային օրենսգրքի բարեփոխումները՝ միտված արտադրողական գյուղատնտեսության ձևավորմանը,
  • ջրային ոլորտի բարեփոխումները՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողությանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը,
  • քաղաքաշինության ոլորտի բարեփոխումները՝ ուղղված ոլորտի ներուժի ընդլայնմանը, տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև գործընթացների ու կարգավորումների արդիականացմանը։

* ՀՀ կառավարության ծրագիր (2021-2026 թթ.), էջ 20-23

You may also like...