Հայաստանում մշակող արդյունաբերության զարգացման ուղենիշները

2019 թվականին մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ ընդլայնվել է՝ կազմելով 11.7%։ 2020 թվականին մշակող արդյունաբերության դերը շարունակել է ընդլայնվել՝ կազմելով 12.4%, որը վերջին 9 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։

Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ։ Սակայն 2000-2018 թվականներին Հայաստանն աշխարհում տնտեսության բարդությամբ 35-րդ դիրքից գահավիժել է և 2018 թվականին գտնվում էր 83-րդ դիրքում, որը նշանակում է մեր տնտեսության արտահանելի հատվածում պատրաստի արտադրանքի, մեքենա– սարքավորումների, տեխնոլոգիապես բարդ արտադրանքների մասնաբաժինը նախահեղափոխական շրջանում էականորեն նվազել է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկարաժամկետ տնտեսական աճի ներուժը զգալիորեն պայմանավորվում է տնտեսական բարդության մակարդակով, Կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել Հայաստանի տնտեսական բարդության էական բարձրացումը։

Հայաստանի տնտեսական բարդության բարձրացման նպատակով նախատեսվում է համալիր միջոցառումների իրականացում՝ միտված ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինմանը, ինչպես նաև միջազգային նոր շուկաներ ներթափանցմանն ու առկա դիրքերի ամրապնդմանը։ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության բարելավման նպատակով անհրաժեշտ է լինելու նաև բարձրորակ կադրերով մարդկային ռեսուրսների առկայության ապահովումը։

Մշակվող արդյունաբերության զարգացման համար Կառավարության նպատակն է լինելու՝

  • ապահովել Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության շարունակական աճը,
  • զգալիորեն ավելացնել արտահանելի արտադրանք ստեղծելու ներուժ ունեցող մշակող արդյունաբերության ձեռնարկությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը՝ գալիք 5 տարիների ընթացքում տրամադրելով առնվազն 80 մլրդ դրամ՝ համաձայն Կառավարության սահմանած միասնական կանոնների, հիմնել 3 արդյունաբերական գոտի և զարգացնել արդեն իսկ գործողները՝ ապահովելով ենթակառուցվածքների և միջավայրի գերազանցություն,
  • քայլեր ձեռնարկել Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ և հնարավորինս երկարացնել արտադրական շղթան, խթանել առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։

Նշված նպատակներին հասնելու համար Կառավարության նախանշվող թիրախներն են՝

  • մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ հասցնել առնվազն 15%-ի,
  • միջնաժամկետ հատվածում տնտեսական բարդության ցուցանիշը ֊0.39-ից հասցնել 0.1 միավորի և ստեղծել հիմքեր՝ 10 տարվա ընթացքում դասվելու բարձր տնտեսական բարդություն ունեցող երկրների շարքին։ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապրանքների արտադրության արժեշղթաների խորացմանը նպաստելու ուղղությամբ, որը ենթադրում է տեխնոլոգիապես առավել բարդ ու բարձր հավելյալ արժեք ստեղծող արտադրանքի և արտադրական գործընթացների առկայություն։

Նշված ցուցանիշներին հասնելու համար իրականացվելու են հետևյալ

գործողությունները.

  • աջակցություն է տրամադրվելու միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսներին հայաստանյան ընկերությունների մասնակցությանը,
  • մրցութային կարգով հավատարմագրվելու է վերապատրաստման կենտրոնների ցանկ, համաֆինանսավորվելու են այդ ցանկում ներառված կենտրոնների կողմից տրամադրվող դասընթացների ծախսերը,
  • խրախուսվելու է մշակող արդյունաբերությունում ISO սերտիֆիկատների ձեռքբերումը,
  • եռամսյա ժամկետում Կառավարությունը հրապարակելու է արդյունաբերական զարգացման գերակա 5 ոլորտների ցանկ՝ հիմնված վերջիններիս հետկովիդյան շրջանում տնտեսական ներուժի և համախմբվածության վրա,
  • գերակա ոլորտներից յուրաքանչյուրի համար մշակվելու է ոլորտային զարգացման ծրագիր, որով գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը, կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար,
  • հիմնվելով մասնավոր հատվածի պահանջարկի վրա՝ տարեկան պատրաստվելու և վերապատրաստվելու է մշակող արդյունաբերության շուրջ 2000 մասնագետ,
  • բարձրացվելու է մշակող արդյունաբերության տեխնիկական հագեցվածությունը՝ տրամադրելով ֆինանսական, խորհրդատվական և աջակցության մի շարք այլ գործիքներ՝ ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը նպաստելու նպատակով,
  • իրականացվելու է արտահանման աջակցության ընդլայնված գործողությունների ծրագիր՝ գործարկելով ինչպես ուղղակի ֆինանսական, այնպես էլ տնտեսական դիվանագիտության գործիքակազմը,
  • ձեռնարկվելու են միջոցներ՝ ուղղված ածխածնազերծ ապրանքների թողարկման խթանմանը,
  • կարևորելով էներգաարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը տնտեսությունում, ինչպես նաև հաշվի առնելով ոլորտի զարգացման ներկա տեմպերը և առկա ներուժը՝ քայլեր են ձեռնարկվելու արևային էներգետիկայի ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով։

* ՀՀ կառավարության ծրագիր (2021-2026 թթ.), էջ 28-30

You may also like...