Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման ուղենիշները

«էներգետիկա» սեկտորի (էներգակիրների այրման արդյունքում՝ էներգիայի արտադրության, փոխանցման և սպառման, ներառյալ տրանսպորտի համար) արտանետումների մասնաբաժինը Հայաստանի Հանրապետության ածխածնային արտանետումների կառուցվածքում կազմում է շուրջ 70%, որի առանցքային բաղադրիչներից է էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ արդյունաբերության մասնաբաժինը մոտ 5% է։ Իր հերթին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում բնական գազի մասնաբաժինը կազմում է 41%, իսկ էլեկտրաէներգիայի ներքին սպառման զամբյուղում՝ 29%՝ հաշվի առնելով Իրանի հետ գործող էլեկտրաէներգիա գազի դիմաց պայմանագիրը։ Ավելին, Հայաստանում բնական գազի ներթափանցումը գտնվում է գերբարձր մակարդակի վրա՝ նույնիսկ այնպիսի երկրների համեմատ, ինչպիսիք են Նիդեռլանդները, Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը։

Հայաստանում տնային տնտեսությունների 90 տոկոսից ավելին բնական գազն օգտագործում է որպես ջեռուցման և սննդի պատրաստման միջոց, իսկ անձնական օգտագործման ավտոմեքենաների 80 տոկոսից ավելին բնական գազն օգտագործում է որպես վառելիք։

Սակայն, համաձայն կանխատեսումների, բնական գազի համաշխարհային պաշարները ներկայիս սպառման տեմպերի պահպանման պարագայում սպառվելու են գալիք 45-55 տարվա ընթացքում։

Չնայած նոր պաշարների բացահայտմանը՝ մի շարք երկրների՝ քարածխից հրաժարվելու հանձնառությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ բնական գազի սպառման ծավալները զգալիորեն աճելու են քարածուխը բնական գազով փոխարինելու հետևանքով, որն իր հերթին չեզոքացնելու է նոր հանքավայրերի բացահայտման ազդեցությունը։

Բնական գազի՝ որպես առանցքային էներգակրի սկզբնական փուլում հասանելիության անկումը, իսկ երկարաժամկետ հատվածում նաև վերացումը տնտեսության բոլոր ոլորտներում հանգեցնելու են զգալի շոկերի։

Մասնավորապես՝

  • Գազաֆիկացման բարձր մակարդակի պայմաններում բնակչության և բնական մենաշնորհների ներդրումները կորցնելու են արդիականությունը։ Տաքացման և սննդի պատրաստման գազահենք համակարգերը փոխարինվելու են էլեկտրականություն սպառող համակարգերով։
  • Բարձրանալու են մարդատար փոխադրումների գները ինչպես հանրային, այնպես էլ անձնական տրանսպորտային միջոցներ օգտագործողների համար։ Հետևաբար բարձրանալու է էլեկտրական շարժիչներ օգտագործող ավտոմեքենաների մրցունակությունը։
  • Արդյունաբերության ոլորտում գործող մի շարք ձեռնարկություններ հիմնվում են բնական գազի այրման վրա, մասնավորապես ցեմենտի արտադրությունը։ Մրցունակ մնալու համար անհրաժեշտ կլինի անցում կատարել էլեկտրականություն օգտագործող տեխնոլոգիական գործընթացներին։
  • Կտրուկ բարձրանալու է էլեկտրական էներգիայի պահանջարկը։ Նշված պահանջարկի բավարարումն անհրաժեշտ կլինի իրականացնել վերականգնվող, ատոմային և ջրային էներգետիկայի միջոցով։
  • Այսպիսով, կանաչ տնտեսության շրջանակներում ածխածնի արտանետման

ծավալների սահմանափակման հրամայականը ոչ միայն բխում է գլոբալ շահերից, այլև կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման համար։

Կանաչ տնտեսություն ձևավորելու առաջնահերթ նպատակն է տնտեսության պատրաստվածության ապահովումը նոր, ցածր ածխածնային էներգետիկ իրականությանը։

Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լինելու իրականացնել միջոցառումների համապարփակ ծրագիր՝ թիրախավորելով հետևյալ ուղղությունները.

  • էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում բնական գազի դերը շարունակաբար նվազեցնել՝ փոխարինելով այն վերականգնվող և այլընտրանքային էլեկտրական էներգիայի աղբյուրներով,
  • էլեկտրաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքը պատրաստել պահանջարկի աճի և կառուցվածքի փոփոխությանը,
  • նախապատրաստել ենթակառուցվածքների անցումը դեպի այլընտրանքային տրանսպորտ,
  • նպաստել բնակչության կողմից էլեկտրական սննդի պատրաստման և ջեռուցման համակարգերի ձեռքբերմանը։

Հայաստանի սահմանափակ բնական պաշարները թելադրում են բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության և տնտեսական գործընթացներում առավելագույնս պահպանման հրամայականը։ Ուստի կանաչ տնտեսության ձևավորման երկրորդ նպատակն է լինելու բնական ռեսուրսների տնտեսական ցիկլում առավել երկար պահպանման նախադրյալների ստեղծումը։

* ՀՀ կառավարության ծրագիր (2021-2026 թթ.), էջ 31-32

You may also like...