Անդրադարձ է արվել Չաբահար նավահանգստում ՀՀ-ի ներկայացվածության հեռանկարին. Պապոյանն ընդունել է Շահվերդյանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանք պահպանելու և խորացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել գործնական քայլերը առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու ուղղությամբ:
Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում փոխգործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում հատկապես կարևորվել են արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող պետական աջակցության գործիքակազմը և պատրաստակամություն հայտնել խրախուսելու ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրագործելու գործընթացը։

Գևորգ Պապոյանն իր խոսքում կարևորել է պարբերաբար գործարար համաժողովների կազմակերպումը` երկու երկրների մասնավոր հատվածների կապերի խթանման, ապագայում համատեղ ծրագրերի իրականացման և սերտ փոխգործակցության հաստատման համար:
Հայաստանի և Իրանի զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման և երկու պետությունների միջև զբոսաշրջային այցելությունների աճի խրախուսման նպատակով առաջարկվել է կազմակերպել երկու երկրների լրատվամիջոցների ճանաչողական այցեր։
Անդրադարձ է կատարվել նաև ԻԻՀ Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարներին։
