Վահան Քերոբյանը մասնակցել է Symbiotics ներդրումային ընկերության տարածաշրջանային գրասենյակի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառմանը

Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ  Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել են Symbiotics խոշորագույն ներդրումային ընկերության տարածաշրջանային  գրասենյակի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառմանը։

Ընկերության տարածաշրջանային գրասենյակը Երևանում բացվել է 2021 թվականի հոկտեմբեր ամսին։ Այն ղեկավարում է ներդրումային պորտֆել, որը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, որից ավելի քան 100 մլն-ը Հայաստանի բաժնեմասն է։

Symbiotics ընկերությունը 2008 թվականից ներդրումներ է կատարում ՀՀ ֆինանսական հատվածում և աշխատում է ՀՀ խոշորագույն բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ աջակցելով Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը։

Միջոցառման ընթացքում Վահան Քերոբյանը ողջունել է ընկերության գործունեությունը Հայաստանում և համառոտ ներկայացրել պետական աջակցության  այն գործիքակազմը, որն ուղղված է Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանն ու ոլորտում արտադրողականության բարձրացմանը։

Ընդգծելով Symbiotics-ի մեծ դերը փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության հարցում՝ նախարարը հույս է հայտնել, որ այսուհետ ևս ընկերությունը կշարունակի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը տեղական կառույցների հետ և կընդլայնի իր գործունեությունը Հայաստանի ֆինանսական շուկայում։

You may also like...