«Ես որևէ մեկին չեմ միացել»․ Միքայել սրբազանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վստահեցնում է, որ որևէ քաղաքական ուժի չի միացել։ Նա այդ մասին ասել է «Փաստինֆոյի» հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությունը։
Երեկ Արշակ Կարապետյանը հրապարակել էր իր, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի լուսանկարները և հայտնել նոր ուժ ստեղծելու մասին։ Նա նշել էր, որ այն կկոչվի «Համահայկական միասնական խորհուրդ»։
«Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, սիրով։ Այդքան բան։ Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, չեմ կարող լինել»,– ասել է Միքայել սրբազանը։
Նա վստահեցրել է, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն չի ունեցել և չունի։
«Ես տալիս եմ իմ քաղաքական գնահատականները, ակտիվ եմ գնահատականներ հնչեցնելու, վերլուծություններ անելու, կարծիքներ հայտնելու մեջ, բայց քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվելու, որևէ կառույցի չեմ կարող միանալ, չեմ միանալու, բայց եթե որևէ կառույց դիմում է ինձ, ես իրեն կարող եմ օգտակար լինել իմ հոգևոր խորհրդատվությամբ։ Իմ ներկայությունն այնտեղ այդքանով է»,- նշել է Միքայել սրբազանը։
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը նաև հայտնել էր, որ նոր ուժը հիմնվում է ազգ–բանակ-եկեղեցի եռամիասնության վրա, իրենք համախմբվում են, որպեսզի Հայաստանը վերականգնի իր երբեմնի հեղինակությունը։

You may also like...