Անձը կարող է արտահայտել միտք, որը հաճելի չլինի այս կամ այն խմբերին. Վարդանյանը՝ Ալեքսանդր Սիրունյանի մասին

«Ես խոսքի արտահայտման ազատության կողմնակից եմ, և եթե որևէ մեկի մոտ հարցեր էին առաջացել առ այն, թե այս կամ այն անձի հրապարակումները վիրավորում են կամ զրպարտում են այս կամ այն անձին, վերջինս կարող է օրենքով սահմանված ընթացակարգերով ստանալ իր հարցերի պատասխանը։»

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲԴԽ նախագահի թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանի կողմից իր էջում հրապարակային ձևով արված գրառմանը, որը, շատերի կարծիքով, ատելության խոսքի տարածում է, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Ինչ վերաբերում է թեկնածուին, պարզապես պետք է նշեմ՝ իմ պատասխանը շատ հստակ է. խմբակցության մոտ դիրքորոշում ձևավորվում է բացառապես լիագումար նիստերի դահլիճում վերջինիս ելույթը և քննարկումը լսելուց հետո:

Ինչ վերաբերում է՝ ծանոթ եմ, թե ծանոթ չեմ նրա հրապարակումներին, ես ֆեյսբուքյան ոչ բոլոր հրապարակումներին եմ ծանոթանում և պարզապես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ քանի դեռ անձը չի զբաղեցնում մի պաշտոն, որը պահանջում է, որպեսզի վերջինս ունենա քաղաքական զսպվածություն, կարող է օրենքով և Սահմանադրության միջազգային ստանդարտներին համապատասխան՝ արտահայտել այն մտքերը, որոնք կարող են նաև հաճելի չլինել այս կամ այն խմբի համար։

Խոսքը վերաբերում է այն լեգիտիմ շեմի մասին, որը Եվրոպական դատարանը դիտարկում է որպես ընդունելի խոսք ազատության տեսանկյունից»,- նկատեց նա:

You may also like...