Եվրոպական միությանը 23 մլն և 10 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին
Գործադիրը որոշել է հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» և «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է, որ դրամաշնորհային երկու համաձայնագրերով ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության բյուջեից՝ «ԵՄ-Հայաստան 2021-2027 թվականների բազմամյա ինդիկատիվ ծրագրի» շրջանակում: «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատություններ ունենալու համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված է 10 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով: Մասնավորապես, աջակցությունը կտրամադրվի Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, այդ թվում մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հագեցման մասով, Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը, ներառյալ Պարեկային ծառայության ընդլայնման մասով, միգրացիոն ծառայությունների մատուցման բարելավմանը, այդ թվում հաստատությունների նյութատեխնիկական ապահովման և միգրացիոն քաղաքականության մշակման ու իրականացման կարողությունների հզորացման մասով: Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի նաև Մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանը և նոր՝ 2023-2025 թթ. Գործողությունների ծրագրի մշակմանը, ինչպես նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին կարողությունների զարգացման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության խթանման նպատակով:
Հաջորդը «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսական համաձայնագիրն է, որով նախատեսված է 23 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը: Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը: Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան, առնվազն 200 միկրո, փոքր և միջին ձեռնարկության կտրամադրվեն դրամաշնորհներ բիզնեսների արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման նպատակով: Թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը: Այս բաղադրիչի ներքո կֆինանսավորվեն նաև Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների, այդ թվում՝ արոտավայրերի հասանելիությանը և ոռոգման համակարգերի վերականգնման նախաձեռնությունները:
