Պետք է երկարացնել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ժամկետը․ վարչապետ

Երկրի վարչապետը, ամփոփելով Եվրամիության հետ համագործակցության թեման, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մեկնարկին:

«Ցանկանում եմ արձանագրել և ողջունել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Դուք գիտեք, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, և պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել:

Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, ինչպես գիտեք, արդեն աշխատում է, և դա լուսաբանվում է։ Նաև հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան, և ի սկզբանե պլանավորված է, որ 2 ամիս պետք է աշխատի։ Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դարձնել մշտական։ Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում դա թեմա է, որը մեր հանրության և փորձագիտական շրջանում քննարկվում է, և եթե տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը», — նշել է Նիկոլ Փաշինյանը:

You may also like...