Արագաչափերի ու տեսախցիկների միջոցով էլեկտրոնային հսկողության գործընթացը 100% անցնում է Ոստիկանության հսկողության նեքո

Կառավարության նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է վերջերս կայացրած որոշմանը, որով երթևեկության կանոնների նկատմամբ արագաչափերի ու տեսախցիկների միջոցով իրականացվող էլեկտրոնային հսկողության համակարգը վերադարձվեց պետական կառավարման ոլորտ, և Ոստիկանությունում ստեղծվեց ՊՈԱԿ, որն էլ կկատարի այդ գործառույթը:

«Այս հարցը նաև քաղաքական նրբություն ունի: Ցանկանում եմ ընդգծել հետևյալը. մենք չենք շտապել, այսպես ասած, դա պետականացնել, եթե շատ ժողովրդական լեզվով ասենք: Չնայած քաղաքական բոլոր հասկանալի նրբություններին՝ մենք ամեն ինչ անում ենք, որ տնտեսական դաշտում մեր գործունեությունը մաքսիմալ կանխատեսելի լինի, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն անընդհատ այդ մտավախություններով չապրեն, որ պետությունը կարող է ինչ-որ մի պահի ինչ-որ բան ձեռնարկել:

Այսինքն՝ մենք տնտեսական պայմանավորվածությունները, անկախ դրանց էությունից, աշխատում ենք մաքսիմալ պահել, որպեսզի տնտեսական դաշտում կառավարության քաղաքականությունն ավելորդ լարվածություններ չառաջացնի: Այդ նպատակով մենք սպասեցինք, որ նախկին պայմանագիրն ավարտվի և նոր պայմանագրի կնքման մրցույթներ հայտարարեցինք՝ նաև հասկանալու համար, թե որքանով ավելի լավ առաջարկ կարող ենք ստանալ հնարավոր դաշտում: Համոզվելով, որ այս փուլում ավելի լավ առաջարկներ կարծես թե չենք ստանա, կայացրինք այս որոշումը»:

Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցել է, որ այսօրվանից երթևեկության կանոնների նկատմամբ արագաչափերի ու տեսախցիկների միջոցով էլեկտրոնային հսկողության գործընթացը 100 տոկոսով անցնում է Ոստիկանության հսկողության ներքո: Նա նաև նշել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ աշխատակիցների 99 տոկոսը՝ 451 աշխատակից, հրամանագրվել է՝ ՊՈԱԿ-ում աշխատանքը շարունակելու համար։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս համակարգի առավելագույնս արդյունավետ աշխատանքը՝ նշելով, որ որոշ ժամանակ անց արդյունքները կամփոփվեն և կքննարկվեն երկարաժամկետ կտրվածքով հետագա անելիքները:

You may also like...