Պատերազմը վատ բան է, պետք է խաղաղության խնդիրը լուծել, եթե կարող ենք 1 մարդու փրկենք, պետք է անենք. Քոչարյան
ԱԺ-ում հունվարի 30-ին հանդիպում են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաներն ու անհետ կորած և գերեվարված անձանց հարազատները:
«Պատերազմը վատ բան է, պետք է խաղաղության խնդիրը լուծել»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, որոնք վերաբերում են անհետ կորածների և գերիների հարցերին:
«Խոսքը ոչ թե քրեական գործերի մասին է, այլ անհետ կորածների և գերեվարվածների խնդիրների էֆեկտիվ լուծումներ գտնելու մասին է: Այդտեղ հսկայական անելիք կա, եթե մենք կարող ենք մեր աշխատանքի շնորհիվ մեկ մարդու ճակատագիր փրկենք, ուրեմն այդ ուղղությամբ պետք է ավելի մեծ աշխատանք անենք»,- ասել է Քոչարյանը:
Հարցին՝ կան արդյոք մտահոգությունները Բաքվում ընթացող դատավարությունների վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ իհարկե կան, այդ մասին նաև ՀՀ վարչապետն է խոսել:
«Իհարկե կան մտահոգություններ: Մենք միշտ հրեաների ասացվածքներից ու կառավարման փորձից մեջբերումներ ենք անում: Ասում են, երբ գերեվարվել ես՝ ինչ գիտես՝ ասա, գլխավորը դու կենդանի մնաս, հետո ես կգամ քո հետևից, քեզ կփրկեմ»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի՝ քննարկմանը եղել են անհետ կորած զինծառայողների ծնողներ, որոնք բավարարված չեն եղել իրենց բարձրաձայնած հարցերի պատասխաններով:
«Կարծում եմ՝ այս ամենի մեջ պետք է սիրտ ու հոգի դրվի: Կարծում եմ՝ անելիք ունենք և պետք է անենք: Եթե կարելի է մեկ ճակատագիր փրկել, ուրեմն ամեն ինչ պետք է դրվի այդ ճակատագիրը փրկելու համար: Բարդագույն խնդիրներ են: Հեշտ է ասել՝ գերիներին պետք է գտնել, փոխանակել անհետ կորածներին:
Այնքան ցավոտ ու խնդիրներ առաջացնող պրոցեսներ են եղել: Բազմաթիվ հարցեր կան, որոնց լուծումների ամբողջացման ճանապարհին պետք է գտնենք անցնելիք ճանապարհը միասին անցնելու հնարավորություն»,- նշել է Քոչարյանը: