Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն միմյանց վարորդական վկայականները. համաձայնագիր կստորագրվի
Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկին։
Երկու երկրների վարորդական վկայականները կճանաչվեն առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։ ՀՀ կամ ԱՄԷ-ում բնակության իրավունք ստացած անձինք կարող են իրենց երկրի վարորդական վկայականը փոխանակել առանց քննության։
Հուշագրի շրջանակում հաշվի են առնվելու վարորդական վկայականների տարիքային սահմանափակումները, որոնք սահմանված են երկու երկրների օրենսդրությամբ։
ՀՀ ներքին գործերի նախարարության համաձայն՝ այս համաձայնագիրը նպաստելու է երկու երկրների միջև տրանսպորտային ոլորտի համագործակցության զարգացմանը, ինչպես նաև առավել հարմարավետ պայմաններ կապահովի Հայաստանում բնակություն հաստատած ԱՄԷ քաղաքացիների և ԱՄԷ-ում ապրող հայերի համար։
Հուշագիրը կնպաստի նաև Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի արտաքին քաղաքական ուղղությունների իրականացմանը, մասնավորապես՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխգործակցության ընդլայնմանը։ Համաձայնագրի ստորագրումը կկազմակերպի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
