Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպումէ ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
Միաժամանակ Բայրամովն ակնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը, որը զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։
«Նախարար Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների մասին։ Առաջին հերթին ընդգծվել է նախկինի մնացորդ հանդիսացող կառույցների վերացման կարևորությունը ԵԱՀԿ գործունեության արդյունավետության, ինչպես նաև տարածաշրջանային իրողություններին համապատասխան աշխատանքների կազմակերպման տեսանկյունից։
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների շարունակումը խոչընդոտում է գործընթացին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
