Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները. Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 15-ին ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Արմեն Չիչոյանը ներկայացրել է Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից դատարան հանձնված քրեական վարույթներին ու դատարանների կողմից կայացված մեղադրական դատավճիռներին:
Այս համատեքստում մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազությունից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 509 քրեական վարույթ՝ 588 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 262 քրեական վարույթ՝ 296 անձի նկատմամբ), 522 քրեական գործով՝ 578 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 262 քրեական գործ՝ 298 անձի վերաբերյալ):
Արմեն Չիչոյանի խոսքով՝ 2024 թվականին Շիրակի մարզում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 385 դեպք (2023 թվականին՝ 329 դեպք): Դեպքերը աճել են 56-ով կամ 17%-ով։ Դեպքերի աճին զուգահեռ՝ աճել է այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ 40,3%՝ 2023 թվականի 25,2%-ի դիմաց: 2023 թվականին արձանագրվել է իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի 5,7%-ով նվազում. 2024 թվականին՝ 248 դեպք՝ 2023 թվականին արձանագրված 263 դեպքի դիմաց:
Աննա Վարդապետյանը Շիրակի մարզի դատախազին և դատախազության դատախազներին հանձնարարել է գործընկեր իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով քննության որակի բարձրացման ուղղված աշխատանքները:
