Եվրոպական առաջնորդները Լոնդոնում կքննարկեն, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող են առաջարկել Ուկրաինային
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մարտի 2-ին Լոնդոնում կհյուրընկալի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և եվրոպական ավելի քան մեկ տասնյակ առաջնորդների՝ քննարկելու անվտանգության երաշխիքները, որոնք Եվրոպան կարող է առաջարկել Ուկրաինային Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի դեպքում։
Ըստ Bloomberg-ի, հավաքը հնարավորություն կտա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իրենց դաշնակիցներին ներկայացնել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, որոնց ժամանակ նրանք փորձել են համոզել Թրամփին խոստանալ ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն այն դեպքում, եթե Մոսկվան ապագայում խախտի պոտենցիալ խաղաղության պայմանագիրը։
Սթարմերը Լոնդոն է հրավիրել նաև Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի և Ռումինիայի ղեկավարներին։ Նախատեսվում է, որ հավաքին կմասնակցեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձին հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահի և Իտալիայի վարչապետի հետ։
