Ես դա գնահատում եմ որպես սադրանք․ Ալեն Սիմոնյանը՝ Վարդան Օսկանյանի առաջարկի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սադրանք է անվանում ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկը՝ դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները։«Եթե պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես դա գնահատում եմ որպես սադրանք, որպես էսկալացիան բարձրացնելու հնարավորություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ծանոթ չէ ԱԳ նախկին նախարարի հայտարարությանը։
Փետրվարի 27-ին իր տեսաուղերձում Օսկանյանն ասել էր, թե պահանջում է՝ Փաշինյանը հայտարարություն անի այն մասին, որ դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ 150-ից ավելի հաստատված գերիներ են եղել, որոնցից շատերին հնարավոր է եղել բանակցություններով և տարբեր միջնորդների օգնությամբ հետ բերել։
«Հիմա մնացել է հաստատված 23 հոգի, որոնցից 11-12-ը, եթե չեմ սխալվում, Ղարաբաղի նախկին ղեկավարներն են»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե գերիներին վերադարձնելու համար տեսանելի քայլեր չեն արվում, ԱԺ նախագահը նշեց՝ եթե տեսանելի քայլեր արվեն, այդ գերիները կարող է՝ երբևիցե չվերադառնան։
ՀՀ ԱԺ նախագահն ասաց, որ Բաքվում գտնվող ռազմագերիների շարքում ՀՀ իշխանությունների համար անցանկալի անձ չկա. Հայաստանը շահագրգռված է նրանց բոլորի վերադարձով։
«Մենք շահագրգիռ ենք, ու որևիցե մեկի մոտ թող կասկած չլինի, որ որևիցե մի ռազմագերի, որևէ մի մարդ, որը Բաքվի դատարանում այդ ձևական դատավարության ընթացքում հանդիսանում է ամբաստանյալ, մեզ համար համարվում է անցանկալի անձ։
Նրանք մեր հայրենակիցներն են, նրանց վերադարձի համար բոլոր քայլերը արվել են և արվելու են»,- ասաց Սիմոնյանը։
Նա պնդում է՝ որևէ միջազգային խոսակցություն՝ անկախ դրա թեմայից ու բովանդակությունից, չի ընթանում առանց գերիների հարցի բարձրաձայնման։
