Սամվել Բալասանյանը ի ցույց է դրել այն, ինչը թիմակիցները փորձում են թաքցնել. Հարությունյան

Տևական լռությունից հետո և Գյումրու արտահերթ ընտրություններին ընդառաջ լցվել է նախկին համայնքապետ Սամվել Բալասանյանի, ինչպես ինքն է գրել, համբերության բաժակը:

Այս մասին «Ֆեյսբուք» իր էջում գրում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ շարունակելով.

«Հաշվի առնելով հանգամանքը, թե հատկապես ինչ շեշտադրումներ է նա արել, հստակ ուրվագծվում է պատճառը՝ ինչի համար կամ հանուն ինչի Բալասանյանները խորհուրդ տվեցին կամ ստիպեցին իրենց թիմին հեռանալ Գյումրու կառավարումից՝ հանրապետության երկրորդ քաղաքը թողնելով անտեր, տանելով կոլապսի, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի:

Անկախ իր կամքից, Սամվել Բալասանյանը ի ցույց է դրել այն, ինչը թիմակիցները փորձում են թաքցնել: Բալասանյանների սեփական նեղ անձնական և զուտ շահադիտական ձգտումները «Բալասանյան դաշինք»-ը գերադասելով հանրային շահից, հաշվի չառնելով քաղաքացիների իրավունքներն ու իրենց ստանձնած պարտավորությունները, առանց որևէ մեկնաբանության հեռացավ:

Այս իրավիճակում խոսել գյումրեցու նկատմամբ ունեցած պատասխանատվությունից, մեղմ ասած, բարոյական չէ:

Այն, որ Սամվել Բալասանյանը մի օր վերադառնալու է Գյումրի, իրավական պահանջ է, ոչ սեփական ցանկություն: Եվ վերադառնալու է հենց «Սև Բերդ» ամրոցի գործի շրջանակներում:

Իսկ այն, որ Սամվել Բալասանյանը Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին մինուս մեկ ձևաչափով մասնակցության կոչ է անում, խոսում է միայն մեկ բանի մասին. Բալասանյանը ևս այս ընտրապայքարում է: Նույն ոճով, նույն սկզբունքներով և նույն նպատակներով, ինչպես այս ընտրություններին սեփական դեմքերով չմասնակցող նախկին նախագահները»:

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ գյումրեցիներին կոչ անելով ընտրություններին մասնակցել մինուս մեկ ձևաչափով՝ մերժելով իշխող ուժին: 

You may also like...