Իրադրությունը մեզ անհանգստացնում է․ Փաշինյանը՝ Բաքվում ապօրինի պահվող հայերի մասին

Այդ իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է, այս մասին թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկամնը, թե մամուլում քննադատություններ են հնչում, որ կառավարությունը ոչինչ չի անում Ադրբեջանում գտնվող գերիների հետ կապված։

«Արդեն ասացի, որ այդ իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է։ Մենք այսօր առնվազն 23 գերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք ունենք Ադրբեջանում և նաև մենք փորձում ենք հնարավոր ջանքերը գործադրել այդ խնդրի լուծման համար:

Բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա տեղի է ունենում մի պայմաններում, երբ Ադրբեջանը, ըստ էության, այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ և էսկալացիոն նպատակներով: Եվ երբ ասում են, որ Հայաստանի Կառավարությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում այդ խնդիրը լուծելու համար, եթե մարդիկ նման բան ասում են, նշանակում է բավարար չափով տեղեկացված են:

Եթե բավարար չափով տեղեկացված են, ուրեմն պետք է հաջորդ քայլն էլ անեն և ցույց տան՝ այդ ո՞ր գործողությունն է, որ Հայաստանի Կառավարությունը պիտի անի, և դա կբերի արդյունքի և Կառավարությունն այդ ջանքը չի գործադրում։

Ես, ընդհանուր առմամբ, այդ քննադատությունը հասկանում եմ և միշտ ասում եմ՝ քանի դեռ այդ ջանքերը, որ Կառավարությունը գործադրում է, արդյունք չեն տալիս, բոլորը կարող են ասել, որ ջանք չի գործադրվում, որովհետև այդ ջանքերը հիմնականում դիվանագիտական մակարդակով են գործադրվում:

Ես միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ 32 գերեվարված մեր հայրենակիցներ վերադարձան Հայաստան, և մինչև վերջին վայրկյանը ոչ մեկի հայտնի չէր այն ջանքերը, որ մենք գործադրում էինք և մինչև վերջին վայրկյանը հնչում էին քննադատություններ, որ Կառավարությունը ոչինչ չի անում:

Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ցանկացած ոք կարող է պնդում անել, որ ուրեմն Կառավարությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում, բայց մինչև 2023 թվականի դեկտեմբերին մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը, մինչև այդ վերջին վայրկյանը հնչում էին շատ խիստ քննադատություններ, և որ Կառավարությունը ոչինչ չի անում։

Իսկ Կառավարությունն անում էր, և դա իմացվեց ընդամենն այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց, և դա ակնհայտ դարձավ»։

You may also like...