ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է սահմանին հրադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանի ապատեղեկատվություններին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վահան Կոստանյանի դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների մասին Ադրբեջանից հնչող ապատեղեկատվությունները որևէ դրական ազդեցություն չեն ունենում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մթնոլորտի վրա։
«Հստակորեն կարող եմ արձանագրել, որ այդ կեղծ հայտարարությունները որևէ կերպ դրականորեն չեն ազդում մթնոլորտի վրա։
Այնուամենայնիվ, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ և այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարարը։
Անդրադառնալով հարցին, թե լինելո՞ւ է արդյոք որևէ երրորդ երկրի մասնակցություն այդ համաձայնագրի ստորագրմանը՝ Վահան Կոստանյանը հիշեցրեց, որ կարգավորման գործընթացն արդեն տևական ժամանակ է՝ իրականացվում է երկկողմ բանակցությունների հիման վրա․
«Գիտեք, որ քննարկումները և բանակցությունները, ըստ էության, երկկողմ են ընթացել, այս պահին այլ մանրամասներ չկան։ Բնականաբար, երբ լինել այս առումով նորություններ, արտաքին գործերի նախարարությունը և Կառավարությունը պատեհ պահին կտեղեկացնեն հանրությանը»։
