«Շուշին օկուպացնելու հրամանը տվել է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը». Բաքվի դատարանում քննել են Շուշիի օպերացիան
15 հայ ռազմագերիների դատավարությունը Բաքուն այսօր էլ նվիրել էր 1992 -ի մայիսի 8 -ին հայկական ուժերի կողմից Շուշի ազատագրմանն ու այդ օպերացիայի մասնակիցներին:
Անկախ փաստաբանների, լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարությանը մեղադրող դատախազը, մի շարք տեսանյութեր հրապարակելով, պնդել է, թե «Շուշին օկուպացնելու հրամանը տվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Իբրև ապացույց ադրբեջանցի մեղադրողը ներկայացրել է Շուշիի ազատագրումը ղեկավարած հանգուցյալ Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին վերագրվող մի տեսանյութ՝ պնդելով, թե այդ օպերացիայի պլանը նախ ներկայացվել է այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որն էլ տվել է իր համաձայնությունը:
Բաքվի զինվորական դատարանում նաև այլ տեսանյութեր են հրապարակվել, որտեղ նշվել է, թե «Շուշիի գրավումը 4 ուղղություններով է իրականացվել, որոնք ղեկավարել են Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Վալերի Չիչյանն ու Արկադի Կարապետյանը»:
Մեջբերումներ անելով ցուցադրվող տեսանյութերից՝ «ԱՊԱ» պետական գործակալությունը նշում է, թե հայերի կողմից պատրաստված այդ տեսնայութերում նշվում է, թե Շուշին «օկուպացնելուց» բացի, հայերը նպատակ են ունեցել «Շուշին մաքրել քայլող միջատներից»:
Շուշիի ազատագրմանը նվիրված դատական նիստից անմասն չեն մնացել նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագանները: Հղում անելով հրապարակված ինչ-որ տեսանյութերի ու մասնավորապես Հայաստանի զինված ուժերի գեներալ -գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին՝ ադրբեջանցի դատախազը պնդել է, թե Շուշիի օպերացիայի մշակմանը, նախապատրաաստմանն ու իրականացմանը մասնակցել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
Իբրև ապացույց դատարանում նաև ցուցադրվել է Սերժ Սարգսյանին վերագրվող մի հարցազրույց, որին հղում անելով, նշվում է, թե իբրև Սարգսյանն ասել է, որ «Շուշիի օպերացիայի նշանակությունն այնքան մեծ էր, որ դրան անձամբ մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը»:
Շուշին հայկական ուժերն ազատագրել են 1992 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը։ Այդ օպերացիան Ղարաբաղյան առաջին պատերազմի համար շրջադարձային նշանակություն ունեցավ, քանի որ Ադրբեջանը հենց Շուշիից էր պարբերաբար հրետակոծում մայրաքաղաք Ստեփանակերտը։
«Հարսանիք լեռներում» ծածկանունով ռազմական օպերացիան, որ ղեկավարում էր Արկադի Տեր-Թադևոսյանը, իրականացվել է միանգամից 4 ուղղություններով։ Արդեն մայիսի 9-ի առավոտյան Կոմանդոսին՝ Տեր-Թադևոսյանին, զեկուցվել է, որ քաղաքը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի ձեռքերում է։