Պեսկովը չի հստակեցրել, թե ռուսական կողմից ով է մասնակցելու Ստամբուլի բանակցություններին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի նշել պատվիրակության կազմը, որը Մոսկվայից կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների։
Նա սահմանափակվել է միայն այն հայտարարությամբ, որ ռուսական կողմը «շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի օրը»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ Ստամբուլում, իսկ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահը պատրաստ է բանակցել միայն Պուտինի հետ։
Նրա խոսքով՝ ցանկացած այլ ձևաչափով հանդիպում անիմաստ է:
Հիշեցնենք՝ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ վարել Ստամբուլում մայիսի 15-ին:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։
Ռուսաստանը պետք է մայիսի 12-ից հաստատի լիարժեք, տևական և հուսալի 30-օրյա զինադադար, միայն դրանից հետո Ուկրաինան պատրաստ կլինի բանակցություններին, ասել է Վլադիմիր Զելենսկին՝ ի պատասխան Կրեմլի առաջարկի։
Ռուս-ուկրաինական բանակցությունները նախատեսված են մայիսի 15-ին, ՌԴ նախագահի գրասենյակը դեռևս չի հայտնել Պուտինի՝ Ստամբուլ ուղևորվելու մասին:
