Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։
Մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրենության հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած միջադեպը։ Մարզի ղեկավարը լսել է կողմերի պարզաբանումները, զրուցել պատմության ուսուցչուհու հետ, անդրադարձել բարձրացված հարցերին։
Նշենք՝ դասադուլ իրականացնողների պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:
Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված կերպով ցանկանում են ազատվել իրենից:
