Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ:
Դրանով իրավական հիմքեր կստեղծվեն Կառավարության համար իր որոշման համաձայն օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին։
«Օրենքի փոփոխության պատճառն այն էր, որ տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում հաճախ անհրաժեշտություն էր առաջանում զենքի, զինամթերքի արտադրություն, նորոգում և այս ոլորտում գիտահետազոտական և փորձարարական մշակումներ իրականացնող սուբյեկտներին պարբերաբար տարբեր նպատակներով տրամադրել զենք, զինամթերք, սակայն օրենսդրությամբ Կառավարության համար լիազորող նորմ սահմանված չէր»,- գրում է նախարարը։
