Խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահի միջև ցանկացած կապի առկայության շուրջ կեղծ է ու անհիմն. «Ռոյալ Կասկադ»
«Ռոյալ Կասկադ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երեկ ձևավորված խոսույթը «Ռոյալ Բիլդինգ» ընկերության ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ցանկացած կապի առկայության շուրջ մտացածին է, արհեստածին, կեղծ ու անհիմն։
Հիշեցնենք՝ «Ալիանս պլազա» ընկերությունը ևս հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած դեպքը լուսաբանելիս զանգվածային լրատվական միջոցներով տարածված լուրերն այն մասին, թե քաղաք Երևան, Սարմեն 88 և Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը փնտրում էր այն կնոջը, որը Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյունի դեպքի վայրում լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձագանքելով հարցին, թե պայթյունի վայրում գտնվող շենքի երկու հատվածներում առանձնատուն է կառուցվում, հայտարարել էր՝ «էն կողքը Ալեն Սիմոնյանինն է, ամբողջ ձմեռ տառապեցինք դրա ձեռքին»։
Նա նկատել էր․ «Եկա այստեղ, զրուցեցի բնակիչների հետ, հաստատվեց այն, ինչ ես մտածում էի։ Այսինքն՝ շինարարները, որոնք աշխատանքներ են իրականացրել, երբ քաղաքացիները բողոքել են, փորձել են քաղաքացիներին սաստել՝ իմ անունը տալով։ Այն շինարարական կազմակերպությունը, իրական սեփականատերը, որը Բաղրամյան 26-ի շրջակայքում շենքի սեփականատերն է, խնդրում եմ կապվի իմ գրասենյակի հետ»:
Հիշեցնենք՝ երկու պայթյուն էր լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում:
Այնուհետև ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ էր հայտնել Երևանի կենտրոնում բռնկված հրդեհից․ տեղում պարզվել էր, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել էր 16։50-ին։
