ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան
Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Այդ մասին այսօր ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մենք կանգնած ենք վճռական պահի առջև։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։
Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ավելի ու ավելի տրոհված աշխարհում սկզբունքային, համախոհ գործընկերությունները դեռևս կարևոր են»,– ասել է Միրզոյանը:
«Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից: Զուգահեռաբար, մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկել էներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում»,– հայտարարել է Միրզոյանը։
Նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն այս գործընթացին՝ ակնկալելով, որ նրանք հետևողականորեն կընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում։
