Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի են սպանել
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել Կապիտալ Ջուիշ թանգարանի մոտ։
Այս մասին գրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Ավելի վաղ առավոտյան ABC-ն հայտնել էր, որ այնտեղ կրակոցներ են եղել, և որ զոհերը կարող էին լինել դիվանագիտական ներկայացուցչության երկու անձ։
«Այսօր երեկոյան Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։
Մենք ակտիվորեն հետաքննում ենք և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ»,-գրել է Նոեմը։
Լրատվամիջոցները փոխանցում են, որ կասկածյալը՝ Չիկագոյից 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսը, ձերբակալվել է։
Նա ձերբակալությունից հետո վանկարկել է «Ազատություն ազատ Պաղեստինին»: Ականատեսների խոսքով՝ նա վկա Է ձևացել՝ սպասելով ոստիկանության ժամանմանը։
Զոհերը երիտասարդ դիվանագետների զույգ էին, որոնք պատրաստվում էին նշանվել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ կրակողը միայնակ է գործել և ակտիվ սպառնալիք այլևս չկա:
Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ հայտարարելով, որ հակասեմիտիզմն ու արմատականությունը տեղ չունեն ԱՄՆ-ում: