«Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչման գործում երկրի տնտեսագիտական համայնքը չի կարող անմասն մնալ. ՀՀ նախագահ (լուսանկարներ,տեսանյութ)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:
Այս մասին Petutyun.com-ին տեղեկացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Քննարկման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով, անդրադառնալով հայաստանյան տնտեսական համակարգի առանձնահատկություններին և մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման գործում ինչպես տնտեսագիտական համալսարանի, այնպես էլ ոլորտով զբաղվող մասնագետների գործունեության դերակատարությունը:

Իր խոսքում նախագահն անդրադարձ է կատարել տարածքային համաչափ զարգացման կարևորությանը, այս համատեքստում շեշտել ներկայումս կառավարության կողմից ենթակառուցվածքներում իրականացվող ներդրումների և համակարգային բարեփոխումների կարևորությունը:

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ կառավարության կողմից առաջ քաշված խոշոր նախագծերի՝ մասնավորապես «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման գործում երկրի տնտեսագիտական համայնքը չի կարող անմասն մնալ, և նպատակահարմար կլինի, որպեսզի մասնագիտական հանրույթը հանդես բերի նախաձեռնողականությունը և իր ջանքերն ուղղի ծրագրի տեսական բաղադրիչների հետազոտությանն ու ուսումնասիրությանը փորձագիտական մակարդակով:
