«Չոռնի Անո»-ի և մյուս տարեց կնոջ խափանման միջոցը չի փոխվել, հանվել են որոշ սահմանափակումներ
Ընթացել է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կնոջ՝ «Չոռնի Անո» մականվամբ Անահի Խալաթյանի և գյումրեցի ևս մեկ տարեց կնոջ խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:
Դատարանի որոշմամբ՝ տարեց կանանց խափանման միջոցը մնացել է անփոփոխ, վերացվել են որոշ սահմանափակումներ, և հանվել է հսկող էլեկտրոնային սարքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ձերբակալվել էր «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը:
Նրա հետ ձերբակալված մյուս 2 կանայք՝ 75-ամյա և 90-ամյա, ազատ էին արձակվել ավելի վաղ. 75-ամյա կնոջ նկատմամբ ևս սահմանվել է վարչական հսկողություն:
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար:
Հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի՝ ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ ընտրություններին մասնակցելու և վերը նշված դաշինքի օգտին քվեարկելու համար ու այդ կապակցությամբ ձեռք բերած տվյալները փոխանցել ընտրակաշառք առաջարկած դաշինքի թեկնածուին:
Հնարավոր բացահայտումից զերծ մնալու համար վերջիններս խոսել են քողարկված ձևով՝ ընտրողներին անվանելով «դասարանցիներ», իսկ «դասերից չբացակայել» ասելով՝ նկատի ունենալով ընտրություններին մասնակցելը:
